
Իրանում նախագահական ընտրությունների համար ստեղծվում է ոստիկանական հատուկ ստորաբաժանում

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ոստիկանությունը առաջիկա նախագահական ընտրությունների համար ստեղծելու է ոստիկանական նոր կառույց՝ «Պատվո ոստիկաններ»: Այս մասին հայտարարել է իրանական ոստիկանության ղեկավար Էսմաիլ Ահմադի Մողադդամը:
Վերջինիս խոսքերով՝ ոստիկանները ներկայումս նախապատրաստություն են անցնում՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ, որպեսզի նրանք ունակ լինեն անհրաժեշտության դեպքում կատարել հատուկ հրամաններ:
Մողադդամն ընդգծել է, որ Իրանում առաջին անգամ է ստեղծվում նմանատիպ ստորաբաժանում: Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին: Այդ օրն իրանցիները կընտրեն ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի իրավահաջորդին: Ահմադինեժադը չի կարող այդ ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը, քանի որ երկու անգամ անընդմեջ ընտրվել է Իրանի նախագահ: