ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Յան Կելիի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:
Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ: Հանդիպման ժամանակ քննարկվել է նախորդ շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպման արդյունքները:
ԵԱՀԿ գործող նախագահը լիակատար աջակցություն է հայտնել հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունների հարցում կողմերին օգնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Կոժարան հայտարարել է. «ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթությունն է կողմերի հետ տվյալ գործընթացում առաջընթաց գրանցելու համար աշխատանքներ տանելը: Ես կողմերին կոչ եմ անում հավատարիմ գտնվել և քաղաքական կամք ցուցաբերել անհրաժեշտ ամեն բանի նկատմամբ, ինչը խաղաղություն է բերում այդ տարածաշրջանին»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպել են այս տարվա հունվարի 28-ին: