Կրթական համակարգում քաղաքական մոտեցման սխալ կա
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում՝ անդրադառնալով կրթությանը, նշեց, որ մասնավոր բուհն արագ արձագանքում է հասարակության կրթական պահանջարկին: «Քաղաքական մոտեցման սխալ կա: Ես ամենևին չկարծեք, թե պաշտպանում եմ մասնավորին»,- ասաց Ա. Մանուկյանը՝ ավելացնելով, որ ինքը քաջատեղյակ է, որ այդտեղ վաճառվում են դիպլոմներ, տալիս են կեղծ դիպլոմներ, բայցև կրթական շուկայի ազատականացմանը խթանող քայլ է մասնավոր բուհերի առկայությունը: «Ոչ թե ինչ-որ մեկը պետք է որոշի, որ Հայաստանում պետք է բացվի 15 կուսակցություն, 15 սուպերմարկետ, 5 մասնավոր բուհ՝ էդպես չի: Դա սոցիալիզմն էր կանոնակարգում քսան տարի հետոյի ցանկը, մարդկանց մտածողությունը, բուհերի քանակը»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ պետական մոտեցումը սխալ է: Ի դեպ, Ա. Մանուկյանի խոսքերով, պետական բուհն ավարտածների հինգ տոկոսն է տեղավորվում աշխատանքի: