Բանակն էլ պետք է կրթվի
Այսօր Ազգային ժողովում ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Կրթության նախարար Արմեն Աշոտյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանում, բացի բուհական հաստատություններից, կան բազմաթիվ կառույցներ, որոնք կրթական ծառայություններ են մատուցում: Նշենք, որ այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: «Վատ կրթությունը շատ ավելի վատ է, քան ընդհանրապես կրթություն չստանալը»,- նկատեց Վ. Օսկանյանը:
ԲՀԿ-ական պատգամավորն այնուհետ անդրադարձավ բանակին. նրա խոսքով՝ բանակը պետք է դարձնել կրթության մաս: Նա բերեց Իսրայելի օրինակը, որտեղ կա «Ստարտափ նեյշոնս» գիրքը, որտեղ ներկայացված է, որ հիմնականում առավել հաջողակ անձինք եղել են բանակում առաջատար դիրքերում, և բանակում ձեռք բերած կրթության շնորհիվ՝ իրենք հասել են հաջողությունների: Եվ այդտեղ առաջին հերթին հարցնում են ոչ թե՝ ո՞ր բուհն է ավարտել, այլ, թե բանակի ո՞ր ստորաբաժանումն է ավարտել: Օսկանյանի ասելով՝ երկու տարին այն ժամանակահատվածն է, որ պետք է օգտագործել կրթություն տալու նպատակով: