
Թուրքիան խոչընդոտում է Սև ծովով ադրբեջանական գազի առաքմանն Ուկրաինա

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ոչ միայն խոչընդոտում է Բոսֆորի նեղուցով հեղուկանավերի անցմանը, այլև՝ խոչընդոտներ է հարուցում կասպյան և մասնավորապես ադրբեջանական գազի մատակարարման հարցում:
Այս մասին ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունում եղած աղբյուրը: Նախօրեին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտնել էր, որ Թուրքիան բարեհաճ տրամադրված չէ այն հարցում, որ հեղուկ գազով լեցուն լցանավերը Ուկրաինա մեկնելիս անցնեն իր ծովային տիրույթով: Ուկրաինան հեղուկ գազով լեցուն այդ լցանավերի համար կառուցում է հատուկ գազային տերմինալ, որը կկարողանա ընդունել այդ լցանավերը:
Ավելի վաղ Ուկրաինան Ադրբեջանի հետ համաձայնագիր է ստորագրել՝ առաջին փուլում տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ ներկրելու մասին, ինչը երկրորդ փուլում պետք է հասցվի մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի: Ադրբեջանը պլաններ ուներ իր գազը Սև ծովով դեպի Ուկրաինա փոխադրելու և այդ նպատակով գազատար կառուցելու մասին, սակայն Թուրքիան չի համաձայնվում դրան:
Դա արվում է նրա համար, որ Ադբեջանն իր ողջ ազատ պաշարները հարկադրված լինի առաքել «Անդրանատոլիական» գազատարով (TANAP): Դրա համար էլ շատ մշուշոտ են երևում Սև ծովի ափին գազի հեղուկացման տերմինալ և Սև ծովի հատակով գազամուղ կառուցելու ադրբեջանական պլանի հեռանկարները: