
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրաժարական է տալու. մամուլ

Gunxeber.com-ի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս փոփոխություններ են կատարվելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունում: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևին այդ պաշտոնում փոխարինելու է ադրբեջանական բանակի Նախիջևանյան կորպուսի հրամանատար, 47-ամյա գեներալ-լեյտենանտ Քերիմ Մուսթաֆաևը:
Ռազմական շրջանակներում առկա աղբյուրը վստահեցնում է, որ Մուսթաֆաևը ծագումով թուրք է: Ի դեպ, Աբիևն ինքը նախաձեռնել է իր ստորադասների ստորագրահավաք՝ ի պաշտպանություն իրեն, ինչը, սակայն, բացասականորեն է ընդունվել «վերևներում»:
Աղբյուրի պնդմամբ՝ դա այնքան բացասաբար է ընդունվել, որ Աբիևի գործը կարող է չավարտվել միայն հրաժարականով, և նրան լուրջ փորձություններ են սպասվում առաջիկայում: 63-ամյա Աբիևը ծնվել է Բաքվում և Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1995 թվականին: