Կորեկ` բուժիչ թռչնակերը
Բուժիչ նամակներ
Կորեկ սովորականը (Panicum miliaceum) հացազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Ցողունի բարձրությունը` 0,4-1,5 մ է, ցողուններն աճում են փնջերով` կազմելով արտահայտված թփիկներ։ Մազարմատները կարող են խորանալ հողի մեջ` մինչև 1,5 մ, կամ տարածվել` 1,2 մ տրամագծով։ Հատիկների գույնը կարող է լինել սպիտակավուն, դեղին, նարնջագույն, շագանակագույն։ Բույսը ջերմասեր է, երաշտադիմացկուն, հեշտ հարմարվում է աղակալած հողերի վրա։ Թթվային հողերի վրա չի աճում։ Բուսաճական շրջանը կարճ է` 65-80 օր, ինչի շնորհիվ լայնորեն մշակվում է այն շրջաններում, որտեղ ամառը կարճ է։
Կորեկը պարունակում է 2-4 տոկոս ճարպ, 10-14 տոկոս սպիտակուց, 55-80 տոկոս օսլա, մոտ 8 տոկոս բջջանք։
Կորեկից ավելի շատ ճարպ է պարունակում միայն վարսակը, իսկ սպիտակուցներ` հնդկացորենը։ Կորեկը պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ` տրեոնին, վալին, լեյցին, լիզին, գիստիդին, և այլն։
Կորեկը հարուստ է ֆոսֆորով (1,5 անգամ ավելի է, քան տավարի մսում), մագնիում, կալիում (մի քանի անգամ շատ, քան բրնձում), պղինձ, մարգանեց, ցինկ, բրոմ, նիկել և այլն)։
Ենթավիտամին A-ի և B խմբի վիտամինների, հատկապես նիացինի և ֆոլիաթթվի պարունակությամբ կորեկը գերազանցում է այլ ձավարեղենին։ Պաշտպանիչ թաղանթը հեռացնելուց հետո հատիկի սաղմը և հետևաբար` օգտակար նյութերը պահպանվում են։ Կորեկի պահպանման ժամկետը 8-12 ամիս է, պահպանման ժամանակ մակերեսի վրա առաջանում է ճարպի օքսիդի շերտ, հատիկը դառնահամ է դառնում և ոչ պիտանի։
Կորեկաձավարի շիլան կարգավորում է արյան շրջանառությունը, սրտանոթային համակարգի և լյարդի աշխատանքը, նյութափոխանակությունը, ամրացնում է ոսկորները, ատամները, եղունգները, օգնում է հաղթահարել հոգնածությունը, դեպրեսիան և անքնությունը, նպաստում է ճարպերի այրմանը, թույների, աղային նստվածքների տրոհմանը և հեռացմանն օրգանիզմից։ Կորեկաձավարում պարունակվող ճարպը լիովին յուրացվում է օրգանիզմում, չի պարունակում խոլեստերին, նպաստում է կարոտինի և D վիտամինի յուրացմանը։
Շիլան խորհուրդ է տրվում շաքարային դիաբետի, ալերգիայի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, ընդհանուր թուլության դեպքում։
Քչերին է հայտնի, որ կորեկով կարելի է բուժել հիպերտոնիան, հավկուրությունը, թութքը, ցիստիտը, թեթևացնել որքինով հիվանդի վիճակը։
Կարևոր է իմանալ, որ կորեկաձավարից պատրաստված շիլան նպաստում է հակաբիոտիկ դեղերի տրոհման հետևանքով առաջացած նյութերի հեռացմանը։
Ըստ սննդի մեջ օգտագործվող ձավարեղենի դասակարգմանն` կորեկը համարվում է նվազ կարևոր, քան ցորենը, տարեկանը, բրինձը, հնդկացորենը, վարսակը, գարին։ Ավիցենան գրել է.
«Կորեկը նվազ սննդարար է, քան այլ հացազգի բույսերը, սակայն, եթե կորեկը եփեն կաթի մեջ` ցորենի թեփի հետ համատեղ, ապա կստացվի շատ սննդարար կերակուր, հատկապես, եթե ուտեն հալեցրած կարագի («արդար» յուղ) կամ նուշի հետ։
Կորեկը կամ դրանից պատրաստված հացը դանդաղ է մարսվում ստամոքսում, ունի միզամուղ հատկություն, կորեկի խաշած զանգվածը կօգնի աղիների սուր ցավի դեպքում (արտաքին)»։
Հիպերտոնիա. 3 ճ/գ կորեկաձավարը լվացեք հոսող ջրի տակ, չորացրեք, լավ մանրացրեք հավանգով։ Կերեք 1-ական թ/գ` օրը 6-8 անգամ, առանց ջրի։ Շարունակեք մեկ ամիս։ Հայտնի են դեպքեր, երբ ճնշումը կայունանում է 4-5 օրից։
Մանրացրած կորեկը չի կարելի պահել մեկ օրից ավելի։
1. 3 ճ/գ կորեկաձավարը 4 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք օրվա ընթացքում։
Ուռուցքներ. Խառնեք 1-ական ճ/գ կորեկաձավար և կորեկի բույսի ցողունիկ, ավելացրեք 400 մլ ջուր, դրեք կրակին` հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 15 րոպե։ 1 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Շաքարային դիաբետ. Խմեք 1-ական թ/գ կորեկի ալյուր` օրը 4 անգամ, կատարեք 7 օրը մեկ` առանց ընդմիջումների։
Լեղուղիների խցանում, լեղու խտացում. Կորեկաձավարը եփեք մինչև կիսահում վիճակի հասնի, փաթաթեք լաթով, թրմեք 2 ժամ։ Կերեք 2-3-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, առանց լրացուցիչ տաքացման, անհրաժեշտության դեպքում կրկնեք 1 շաբաթից։
Ցիստիտ. 100 գ կորեկաձավարը լվացեք սառը ջրով այնքան, որ մաքրվի խառնուրդներից և փոշուց, ավելացրեք 200 մլ ջուր, խառնեք փայտե գդալով` մինչև ջուրը ստանա պղտոր սպիտակավուն երանգ, քամեք։ 100 մլ թուրմը բավարար է սուր ցավը հանգստացնելու համար։
2. Հիվանդության քրոնիկ ընթացքի դեպքում 100 գ կորեկաձավարը 10 ժամ թրմեք 400 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, շարունակեք 15-20 օր։ Քամեք խմելուց առաջ։
Կոնյուկտիվիտ. 1 ճ/գ կորեկաձավարը 10 րոպե եփեք 300 մլ ջրում, 2 ժամ թրմեք, քամեք։ Եփուկով լվացեք աչքերը` քնելուց առաջ և առավոտյան։
Սպիտակուցի բարձր պարունակություն մեզի մեջ. 50 գ կորեկաձավարը 4 ժամ թրմեք ջերմապահում` 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 5 անգամ։
Որքին. Մշակեք մարմնի վնասված մասերը կորեկաձավարը եփելու ընթացքում առաջացած մակերեսային փրփուրով։
Դիետիկ ճաշատեսակներ
Ապուր. Լվացեք, մանր կտրատեք կես գազար, մեկ քառորդ մաղադանոսի արմատ, եփեք 200 մլ ջրում, երբ կիսով չափ եփվի` ավելացրեք 1 ճ/գ կորեկաձավար, 5 րոպեից` 2 մանր կտրատած կարտոֆիլ և 100 գ ջուր, վերջում` 1 լոլիկ, սամիթ, 1 թ/գ կարագ, 1 ճ/գ թթվասեր։ Չափաբաժինը` 200-250 գ։
Օգտակար է պանկրեատիտի քրոնիկ ընթացքի, երիկամների հիվանդությունների, վահանագեղձի թունավոր խպիպի դեպքում։
Թխվածքաճաշ. Կտրատեք 500 գ դդումի պտղամիս, ավելացրեք 50 գ կարագ։ Եփեք 200 գ կորեկաձավար` ջրով, խառնեք դդումը և մեկ հարած ձու, եփեք ջեռոցում։ Պատրաստի թխվածքաճաշը համեմեք աղով` ըստ ճաշակի։
Խորհուրդ է տրվում հիպերտոնիայի և երիկամների հիվանդությունների դեպքում։
Շիլա. 300 գ կորեկաձավարը թրջեք սառը ջրում, ավելացրեք 800 մլ տաք ջուր, 10 րոպե եփեք։ Փակ կաթսան փաթաթեք սրբիչով, կես ժամից խառնեք 3 մանր կտրատած խնձոր, 4-ական ճ/գ գազարի քերուկ, կարագ և մեղր։ Կերեք տաք վիճակում։
Խորհուրդ է տրվում արթրիտի, օստեոխոնդրոզի, որքինի դեպքում։
1. 100 գ սև շլորաչիրը 10 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ 200 գ կորեկաձավարը 8 ժամ թրմեք շլորաչրի թուրմի մեջ։ Գազօջախին դրեք ցանցավոր տակդիր, եփեք ձավարը, անհրաժեշտության դեպքում ավելացրեք տաք ջուր։ Շիլային խառնեք շլորաչիրը և 2 ճ/գ կարագ, կաթսան փաթաթեք սրբիչով։ Կերեք 1 ժամից։
Խորհուրդ է տրվում փսորիազի դեպքում։
«168 ԺԱՄ»