Մահմուդ Ահմադինեժադը պատրաստ է դառնալ իրանցի առաջին տիեզերագնացը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր հայտարարել է, որ պատրաստ է դառնալ իրանցի առաջին տիեզերագնացը, որը տիեզերքում կհայտնվի տեղական արտադրության տիեզերանավով:
Իրանի ավիատիեզերական ոլորտի նվաճումների ցուցահանդես այցելած Ահմադինեժադը հայտարարել է, որ կենդանի էակներին (մուկ, կրիա, թրթուր, կապիկ – 168;am) տիեզերք ուղարկելը հանդիսանում է իրանցի հազարավոր մասնագետների լարված աշխատանքի արդյունք. «Ես պատրաստ եմ դառնալ առաջին մարդը, որին իրանցի գիտնականնները դուրս կբերեն ուղեծիր»:
Նշվում է, որ Ահմադինեժադն իր այս հայտարարությունն արել է այն բանից մի քանի օր անց, ինչ Իրանը հաջողությամբ տիեզերք գործուղեց կապիկի, որը հաջողությամբ վերադարձավ Երկիր: Արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ կասկածի տակ են դրել այն, որ կապիկն իսկապես գտնվել է ուղեծրում, քանի որ Իրանն այդ մասին որևէ ապացույց չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ Իրանը պլանավորել է այս տասնամյակում մարդ ուղարկել տիեզերք: Ինչ վերաբերում է Մահմուդ Ահմադինեժադին, ապա նրա նախագահական երկրորդ ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին, և նա չունի վերընտրման իրավունք: Դեռ հայտնի չէ, թե դրանից հետո նա ինչով է զբաղվելու: