
Իսրայելը դեռ կփոշմանի Սիրիայի հանդեպ իրականացրած ագրեսիայի համար. իրանական կողմ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոս այցելած Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խոհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին մեկնաբանել է նախորդ շաբաթ Սիրիային Իսրայելի հարված հասցնելը.
«Սիոնիստական կազմավորումը դեռ կփոշմանի Սիրիայի հանդեպ իրականացրած ագրեսիայի համար, ինչպես որ եղել է Գազայի ու Լիբանանի պարագայում: Դրանով Իսրայելը ձգտում է ուղիղ միջամտությամբ տարաձայնություններ սերմանել սիրիացիների շրջանում:
Սիրիական խնդրի կարգավորումը պետք է իրականացվի ազգային երկխոսության միջոցով՝ առանց արտաքին միջամտության: Միայն սիրիացիները կարող են որոշակիացնել իրենց երկրի ապագան: Ռազմական որոշումը չի հանդիսանա ստեղծված իրավիճակից ելք, այն միայն կհանգեցնի Սիրիայի ոչնչացմանը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Իրանն օգնություն է խոստացել Սիրիային, եթե նա որոշի պատասխանել Իսրայելին: