Ինչո՞ւ է Քոքոբելյանը հենց հիմա դուրս գալիս «Ժառանգությունից»
«Այն, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև բաժանումը կայացել էր, կարծում եմ՝ որևէ մեկի համար նորություն չէր, բայց նման որոշումը երբ կայացվում է նախագահական ընտրությունների նախաշեմին, հենց այնպես չէ: Այս ընթացքում որևէ բան չկատարվեց, որ Խաչատուր Քոքոբելյանը նման որոշում կայացրեց, ուղղակի ինքը նախընտրեց դա անել ընտրությունների նախաշեմին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը թեկնածու է և բավականին հաջող է տանում նախընտրական իր քարոզարշավը»,- 168.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօրվա նիստում հայտարարել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից:
Ստեփան Սաֆարյանը Խաչատուր Քոքոբելյանի որոշումը որակեց՝ իբրև հարված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, խմբակցությունից դուրս գալու որոշում «Ազատ դեմոկրատների» նախագահը կարող էր ընդունել երկու կուսակցությունների միջև սկիզբ առած տարանջատման հենց սկզբում ՝ առանց մանդատի խնդիր ունենալու: Ստեփան Սաֆարյանի խոսքերով, «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» թեման բացասաբար է ազդում ընտրողների տրամադրությունների վրա, այնպես որ, որոշման ժամանակը պատահական չի ընտրված:
«Ազատ դեմոկրատների» մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը 168.am-ին փոխանցեց, որ խմբակցությունից դուրս գալու՝ Խաչատուր Քոքոբելյանի որոշումը եղել է դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին, և դա պայմանավորված էր հենց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության որոշմամբ, ինչի վերաբերյալ կուսակցությունը նաև հայտարարությամբ է հանդես եկել: Անժելա Խաչատրյանի խոսքերով, այժմ Խաչատուր Քոքոբելյանը, դեմ լինելով ավելորդ ձևականություններին, ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկին ընդառաջ՝ պարզապես իրավաբանական ուժ է տվել վերոնշյալ որոշմանը:
Մեկնաբանելով Ստեփան Սաֆարյանի խոսքերը, թե սա հատուկ արված է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ՝ Անժելա Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ պարոն Սաֆարյանը շտապել է իր գնահատականներում: Մեր որոշումը որևէ կերպ պայմանավորված չէ ու չի առնչվում նախագահական ընտրությունների հետ, ավելին՝ Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածուին մենք հաջողություն ենք մաղթում ընտրապայքարում»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներն ընդգրկվեցին «Ժառանգություն» կուսակցության ցուցակում։ Արդեն աշնանը, սակայն, ձևավորված դաշինքը պառակտվեց, և «Ժառանգություն» խմբակցության մեջ ընդգրկված Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ այսուհետև ինքը և «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը ձևական առումով են մնում խմբակցության կազմում: