Հնարավոր է՝ Հայրիկյանը 2-3 օրից դուրս գրվի հիվանդանոցից
Քիչ առաջ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին տեղափոխեցին Կրծքային վիրաբուժության բաժանմունք: Այդ մասին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնեց մեր թղթակիցը:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օրլովը հավաստիացրեց, որ Պ. Հայրիկյանի առողջական վիճակը լավ է: Ջերմությունը, ճնշումը նորմայի սահմաններում է, վերքի վիճակը ևս լավ է: Բժիշկը նաև հաստատեց այն լուրը, որ փետրվարի 2-ի գիշերը նախագահի թեկնածուն մի քանի ժամով գնացել է տուն:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ հնարավոր է Հայրիկյանը 2-3 օրից դուրս գրվի հիվանդանոցից:
Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողներին փոխանցեց, որ վաղը՝ Երևան հյուրանոցում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ նախագահի թեկնածուի ներկայացուցիչները կհայտարարեն Սահմանադրական դատարան դիմելու կամ չդիմելու իրենց վերջնական որոշման մասին: