
Իրանում բռնկվել է քաղաքական խոշոր սկանդալ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ընտանիքին մեղադրել է կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ:
Ահմադինեժադն իր վաղեմի հակառակորդ, Իրանի ամենաազդեցիկ ֆիգուրներից մեկի նկատմամբ այսպիսի մեղադրանք է ներկայացրել նախագահական ընտրություններից հաշվված ամիսներ առաջ:
Բացի այդ, Իրանի խորհրդարանը երեկ իմփիչմենթ էր ներկայացրել Աշխատանքի նախարար Աբդոլռեզ Շեյխուլիսլամի նկատմամբ, որին պաշտպանելու նպատակով էլ Ահմադինեժադն իրանցի օրենսդիրների առջև հնչեցրել է Լարիջանիի եղբոր մասնակցությամբ ձայնագրությունը՝ Լարիջանիի ընտանիքին մեղադրելով կոռուպցիայի մեջ:
Նշվում է, որ Լարիջանին ամենահավանական թեկնածուն է հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում, սակայն կոռուպցիոն սկանդալը կարող է վնասել նրա հեղինակությանն ընտրողների շրջանում, որոնք պայքարում են Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներից բխող տնտեսական հետևանքների դեմ:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հունիսի 14-ին: