Ս. Սարգսյան. «Մենք գործնականում ստիպված էինք փոսից դուրս գալ»
ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսասատանյան «Օգոնյոկ» հանդեսին։ Լրագրողի հարցին, թե որո՞նք են, ըստ Ս. Սարգսյանի, առաջին նախագահության ընթացքում ամենամեծ ձեռքբերումները, նախագահը պատասխանել է. «5 տարի առաջ քաղաքական առճակատումն ու ատելությունը բառի բուն իմաստով թունավորում էին երկրի կյանքը։ Պետք էր քանդել այդ բարդ հանգույցը, քանի որ այն պարզապես կտրել չէր կարելի։ Մեզ հաջողվեց կայունացնել և բացել քաղաքական համակարգը, պատշաճ մակարդակով անցկացնել խորհրդարանական ընտրությունները, ազատակացնել լրատվական դաշտը։ Մենք ստեղծեցինք հասարակական-քաղաքական երկխոսության արդյունավետ մեխանիզմներ։
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շատ ցավոտ հարված հասցրեց Հայաստանին։ Ունեցանք տնտեսության լրջագույն անկում։ Մենք գործնականում ստիպված էինք փոսից դուրս գալ։ Անհրաժեշտություն առաջացավ փոխել տնտեսության կառուցվածքն ու բովանդակությունը։ Այդ բարդ իրավիճակում մեզ շատ օգնեց ռուսաստանյան վարկը։ Նախորդ տարի մենք կարողացանք ապահովել 7% տնտեսական աճ։ Այժմ հարկավոր է պահել նշաձողը։
Բացի այդ երկու ճգնաժամերից 2008-ին սկսվեց Հարավային Օսիայի հակամարտությունը, որը նույնպես հարվածեց Հայաստանին։ Չէ՞ որ Հայաստանի համար նախատեսված բեռների մեծ մասն անցնում էր և շարունակում է անցնել Վրաստանի տարածքով։ Փաստորեն, արտաքին աշխարհի հետ կապը կտրվեց։ Իսկ ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանի ընդհանուր բարդ իրավիճակը պարզապես չեմ հիշատակում։ Մեծ առաջընթացի այստեղ չենք հասել, սակայն մեզ հաջողվել է պահպանել խաղաղությունը, ինչը, իմ կարծիքով, թանկ արժե։ Ընդ որում, մեր բոլոր միջազգային գործընկերների համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանը կանգնած է հակամարտությունը խաղաղ և արդարացի ճանապարհով լուծելու դիրքերում։
Մի խոսքով՝ ճգնաժամերը կբավականացնեին մի քանի նախագահների։ Սակայն մենք դրանցից դուրս եկանք ուժեղացած և այսօր ավելի վստահ ենք առաջ շարժվում»։