Բաժիններ՝

Ջինա Լոլոբրիջիդան դատի է տվել նախկին ամուսնուն՝ իր հետ ամուսնանալու համար

Իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան բողոք է ներկայացրել Ոստիկանություն՝ իր նախկին ամուսնու՝ Խավիեր Ռիգաուի-Ռոլֆոսայի դեմ: 85-ամյա դերասանուհին նախկին ամուսնուն մեղադրում է իր հետ խարդախությամբ ամուսնանալու համար: Ինչպես հաղորդում է իտալական «Oggi» թերթը, դերասանուհին իր նախկին ամուսնու հետ ծանոթացել է 1984-ին՝ Մոնակոյում կազմակերպված երեկույթներից մեկի ընթացքում:

2006-ին զույգը հայտարարեց ամուսնության մասին. լուրը մեծ զարմանք առաջացրեց հասարակության շրջանում նախ՝ այն պատճառով, որ զույգը երկար ժամանակ գաղտնի էր պահում իր հարաբերությունները: Ամուսնության լուրը սկանդալային էր նաև այն պատճառով, որ ամուսինը 34 տարով մեծ էր Լոլոբրիջիդայից:

Մի քանի ամիս անց դերասանուհին անսպասելիորեն հայտարարեց, որ իրենք չեն ամուսնանալու՝ պատճառաբանելով, որ Խավիերը չի կարողացել դիմանալ նախաամուսնական ճնշումներին: Ջինա Լոլոբրիջիդան նախկին ամուսնուն սկսեց կասկածել այն բանից հետո, երբ ինտերնետում կարդաց մի գրառում այն մասին, որ Խավիերն իր հետ ամուսնացել է 2010-ի նոյեմբերին Բարսելոնայում 8 վկաների ներկայությամբ:

«Դա անհնար է: Իմ տեսած լուսանկարներում խորանի մոտ կանգնած է եղել Թերեզա անունով մի կին, ով արտաքնապես նման է ինձ: Այդ գարշելի մարդն ինձ հետ ամուսնացել է՝ առանց իմ գիտության, որպեսզի իմ մահվանից հետո տիրանա իմ ունեցվածքին: Կսկսվի միջազգային հետաքննություն, որովհետև ես ցանկանում եմ լույս սփռել այս տհաճ պատմության վրա, բացահայտել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել սրանում»,- ասել է դերասանուհին:

Վերջինս նաև նշել է, որ ժամանակին ինքը բավական իրավունքներ է տվել Խավիերին. «Այն ժամանակ նա շատ գործարքներ է արել իմ անունից: Ես նրան շատ լիազորագրեր էի տվել: Վախենամ, որ ամուսնության այդ կեղծ վկայականն իսպաներենով կազմված փաստաթղթերի շարքում է եղել: Ես իսպաներեն չեմ հասկանում, և շատ հնարավոր է, որ առանց կասկածելու Խավիերի ազնվությանը՝ այն ստորագրել եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս