Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա կլինի՞ հանրահավաքին

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող  ՀՀՇ-ն  իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար: Քաղաքապետարանը երեկ  ի գիտություն է ընդունել ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ներկայացրած իրազեկումը:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, իրազեկումը ներկայացված է  սույն թվականի մարտի 1-ին, ժամը 16:00-23:00-ը Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20:00-ին, Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոց – Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից տարածք – Իտալիայի փողոց – Վ. Սարգսյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

Վահագն Հայոցյանից  հետաքրքրվեցինք ՝ արդյո՞ք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա է լինելու միջոցառմանը: Վ. Հայոցյանը սկզբում պատասխանեց, թե չգիտի հարցի պատասխանը, հետո ավելացրեց. «Իհարկե, լինելու է»: Այն հարցին, թե՝ որքա՞ն մարդ եք ակնկալում տեսնել  Ազատության հրապարակում՝ հաշվի առնելով ՀԱԿ-ում վերջին շրջանում տիրող մթնոլորտը, ՀՀՇ գործադիր քարտուղարը պատասխանեց, որ Կոնգրեսում ոչ մի խմորում էլ չկա, ինքն այդ ամենի մասին իմանում է մամուլից: Մեր այն դիտարկմանը, թե, օրինակ, ՀԱԿ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ներսում կատարվածը նո՞ւյնպես համարում է մամուլի երևակայության արդյունք, Վահագն Հայոցյանը պատասխանեց. «Դա իրենց կուսակցական գործն է, ի՞նձ ինչ»: Նա հրաժարվեց գնահատական տալ առաջիկա հանրահավաքին՝  նշելով միայն, որ  հանրահավաքին մասնակցելը որևէ կապ չունի կուսակցության ներսում կատարվող իրադարձությունների հետ: «Հասարակության մասնակցությունը միտինգին ի՞նչ կապ ունի այս կամ այն կուսակցության ներքին խոհանոցի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ գործադիր քարտուղարը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս