Բաժիններ՝

ԱԱԾ նախկին պաշտոնյան «շան գլուխը» տեսնում է Վարդան Ղուկասյանի և այլոց դեմ կատարված մահափորձերի բացահայտման մեջ

«Ցանկացած դեպքում, նույնիսկ եթե սկսվել է  ինչ-որ կենցաղային խնդրից, վրեժխնդրությունից մինչև քաղաքական սպանության փորձ, կրակոցը Հայրիկյանի վրա քաղաքական է»,-168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի և Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը` իր կարծիքը հայտնելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ:

Գուրգեն Եղիազարյանն անհեթեթ համարեց այն, որ դեպքի առնչությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումները կատարվում են ԱԱԾ-ում:

«Դրա համար ավելի մասնագիտացված է Ոստիկանությունը, եթե իհարկե, ասենք, ԱԱԾ-ն որոշակի հիմքեր չունի, որ այնտեղ պետք է լինի: Ես չեմ ուզում խոսել, օրինակ, արտաքին ուժերի դավադրության մասին»,- ասաց նա:
Մեր հարցին, թե, ըստ ԱԱԾ նախկին աշխատակցի, սա հարվա՞ծ է Հայաստանի ազգային անվտանգությանը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Մեր ազգային անվտանգությունն էն գլխից էլ վտանգված է: Հայրիկյանի դեպքով չէ, որ պետք է…»:

ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ սա պարզապես փաստերից մեկն է, որ ամենալուրջ և կարևորագույն իրադարձության նախօրեին, ինչպիսին նախագահական ընտրություններն են, մենք ունենում ենք արդեն երկրորդ զարհուրելի դեպքը: Հարցին, թե ո՞րն էր առաջինը, ՍԴՀԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Առաջինը` այն, որ ասում են, թե նախագահական ընտրություններն ընթանում են հանգիստ, խաղաղ պայմաններում, թույլ տվեք ասել` ո´չ: Նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանն այսօր հացադուլի է նստած, 10 օրն անցել է, և նրա կյանքն ամեն վայրկյան վտանգված է: Երիտասարդ տղա է, հեռու իրենից, բայց ամեն վայրկյան կարող է մի բան պատահել: Եվ Հայրիկյանի վրա կրակոցն ուղղակի իմի բերեց, որ իրականում ընտրություններ, որպես այդպիսին, չկան: Մարդը կամովի վտանգի է ենթարկում իր կյանքը` ասելով, որ ընտրությունները նախապես կեղծված են, որ կեղծիքների մեջ ենք գտնվում: Մենք սրան պետք է ուշադրություն դարձնենք: Եվ ահա, խնդրեմ, մահափորձ Հայրիկյանի դեմ: Սա խոսում է այն մասին, որ եթե ՀՀ-ում նախագահի թեկնածուն հարվածի տակ է, ապա ցանկացած քաղաքացի եռակի, քառակի հարվածի տակ է գտնում: Ինչ-որ մի բան էն չի, մենք ուրիշ տեղ ենք գնում, որտեղ երբեք պետք է չհայտնվեինք»:

Կարդացեք նաև

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե, ըստ ՀԱԿ անդամի, իշխանության դեմ ընդդիմադիր թեկնածուների միասնական թիմով հաղթանակի հասնելու կոչով հանդես եկած Հայրիկյանի դեմ կատարված քայլը կարո՞ղ է որևէ կերպ խթանել ընդդիմադիր ընտրազանվածի ակտիվացմանը կամ միավորմանը: Ի պատասխան` մեկ այլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ այդպես չի կարծում:

«Ես չեմ մտածում, որ Հայրիկյանն, ասենք, այնպիսի այլընտրանք էր Սերժ Սարգսյանին, որ պետք է ինչ-որ մի բան կատարվեր:Միգուցե Պարույր Հայրիկյանը, այսպես ասեմ (իրենք սիրում են այդ բառը, իրենց բառն օգտագործեմ) ամենակառուցողական ընդդիմությունն էր: Որպես կանոն` կառուցողական ընդդիմության հետ այդպես չեն վարվում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

«Խոսքը ոչ թե անհատի, այլ ընդդիմադիր դաշտում ուժային կենտրոնի ստեղծման մասին է»,- նկատեցինք մենք:

«Ես լրատվամիջոցներից մեկին արդեն մի անգամ ասել եմ, որ պետք է բարձրաձայնվեն այն սպանության փորձերը, որոնք եղել են Հայաստանում` նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում: Ես գիտեմ, որ չբացահայտված սպանության փորձ և սպանությունների շարք կար (Գյումրիի նախկին քաղաքապետ,-Ա.Ս.) Վարդան Ղուկասյանի նկատմամբ` ընտրությունների շեմին: Այսինքն միգուցե սպանություններ կան, որոնք փորձում են կատարել այն պահին, եթե հասարակական կարծիքը միտված է լինում գնալու լրիվ ուրիշ ուղղությամբ»,- պատասխանեց Գուրգեն Եղիազարյանը` ընդգծելով նախընտրական շրջաններում կատարված սպանությունները և սպանության փորձերի բացահայտման անհրաժեշտությունը, քանի որ, «միգուցե, հենց այդտեղ է թաղված շան գլուխը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս