Մահափորձից հետո Հայրիկյանի հանրաճանաչության ինդեքսը 50%-ից բարձրացել է 80%-ի. սոցիոլոգ

Այն անձը, որը մեր ընտրական խաշի մեջ մի կտոր թրիք է գցել, հույս ուներ, որ  ամեն ինչ կփչացնի: Իսկ այն, որ մենք հիմա ակտվ քննարկում ենք, փաստորեն` ընդառաջ ենք գնում նրա չարամիտ գործողությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ անդրառնալով Պարույր Հայրիկյանի դեմ կատարած միջադեպին և դրա ազդեցությանը նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

«Ես խորհուրդ ունեմ տալու Պարույր Հայրիկյանին: Մենք նրա հետազոտություններն ավարտում ենք և ըստ դրանց՝ Հայրիկյանի հանրաճանաչության ինդեքսը 50 տոկոսից բարձրացել է  80 տոկոսի: Նրա ճանաչելիության ինդեքսը շրջանցում է անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին: Հնարավոր է, որ Հայրիկյանի ընտրողների թիվը ևս աճի»,- ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ նախագահական ընտրությունները 15 օրով հետաձգելու կամ 40 օրով տեղափոխելու դեպքում Պարույր Հայրիկյանը «կկորցնի այն ղսմաթը, որը հիմա ստեղծվել է ու դարձրել նրան ճանաչելի»:

Ըստ սոցոլոգի՝ ողջամտությունը և ռացիոնալ բանականությունը թույլ են տալիս եզրակացնել, որ այս վիճակում Պ. Հայրիկյանը ներգործական քարոզարշավ է անցկացնում, որովհետև հնարավորություն ունի ելույթ ունենալ, ընդունում է քաղաքական գործիչների, մրցակիցների, բարձրաստիճան պաշտոնյաների: «Ընտրությունները չհետաձգելու դեպքում, նա ավելի մեծ շանսեր ունի ավելի մեծ թվով ձայներ հավաքելու, քան հակառակ դեպքում: Հավատացած եմ՝ իր ապաքինվելը ամենալավ քարոզարշավն է»:

Ադիբեկյանի խոսքով, մարդկանց մեծամասնությունը առաջին հերթին հակված է մտածել, որ  Հայրիկյանն ինքն է կազմակերպել իր մահափոձը՝ անձնական վարկանիշը բարձրացնելու համար, մի մասը մտածում է, որ հեղինակը գործող իշխանությունն է, որը տեսնում էր նրա մեջ ամենալուրջ հակառակորդին, իսկ հասարակության երրորդ մասը, սոցիոլոգի խոսքով, միջադեպը դիտում է կենցաղային հողի վրա: «Հիմնականում կանայք ասում են, որ մի հատ խանդոտ ամուսին իր կնոջն է պաշտպանել: Կա ևս մեկ տարբերակ, որ կատարվել է ծայրահեղ ընդդիմության կողմից, հիմնականում՝ ՀԱԿ-ի կողմից: Բայց եթե պարզվի, որ միջադեպը քաղաքական հենքի վրա չէ, ասենք մեկին փող է պարտք կամ խանդն է պատճառը, նրա վարկանիշը միանգամից կընկնի»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս