«Սա հաստատ իշխանությանը պետք չէր».Վարդան Սեդրակյան

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն  այն կարծքին չէ, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը հարված էր հայոց պետականությանը: Էպոսագետ թեկնածուն համոզված է, որ սա ուղղված էր առաջիկա նախագահական ընտրությունների դեմ:

«Փոխվեց ամբողջ քարոզարշավի տրամաբանությունը: Գործող նախագահն այլևս չի կարող ասել, որ ապահով Հայաստան է կառուցում: Արդեն այդքան էլ համոզիչ  չէ, երբ ապահով ընտրություններ չի կարողանում ապահովի»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Վարդան Սեդրակյանը: Նրա կարծիքով, այս միջադեպի պատճառով առավել անհարմար վիճակի մեջ է հայտնվում նաև թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, քանի որ նրա հացադուլն այլևս ծիծաղելի է դառնում: «Նա պետք է 14 օրով էլի սոված մնա, հետո քարոզարշավը սկսի: Եթե հացադուլից դուրս գա, ուժն է կորում, գնա 14 սնվի, էլի գա, հացադուլ հայտարարի, չգիտեմ»,-նշեց էպոսագետ թեկնածուն: Նա համոզված է, որ մահափորձը քայքայեց  իշխանությունների սցենարը, ըստ որի, ընտրությունները պետք  է անցնեին հարթ ու խաղաղ: Վարդան Սեդրակյանը չցանկացավ սցենարներ առաջ քաշել, թե ում էր ձեռնտու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, սակայն բացառեց մի տարբերակ: «Սա հաստատ իշխանությանը պետք չէր: Թեկնածուներին, եթե նույնիսկ պետք էլ լիներ, թեկնածուները ոչ այդ ուժն ունեին, ոչ այդ հնարավորություններն ունեին այդ քայլն անելու, բացառում եմ նաև կենցաղային խնդիրները»,-հայտարարեց Վարդան Սեդրակյանը: Նա նշեց, որ երկու ուժերի դա կարող էր ձեռնտու լինել. նախ պետք է մոռանալ, որ Հայաստանը մեծ քաղաքական խաչմերուկի կենտրոնում է և չպետք է անտեսել նաև ընտրություններին չմասնակցող ուժերին:

«Կան հզոր կուսակցություններ, որոնք չեն մասնակցել ընտրություններին,  որոնց կարող էր և դուր չգալ այս ընթացքը»,-նշեց թեկնածուն:

Վարդան Սեդրակյանը նաև հավելեց, թե չի կարծում, որ այս միջադեպից հետո Պարույր Հայրիկյանի վարկանիշը կաճի:

Տեսանյութեր

Լրահոս