Ադրբեջանն ու Իսրայելը բանակցում են փոքր հեռահարության Spyder զենիթա-հրթիռային համալիրների գնման շուրջ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանն ու Իսրայելը բանակցություններ են վարում փոքր հեռահարության Spyder զենիթա-հրթիռային համալիրների գնման շուրջ: Այս մասին հայտնել են իսրայելական ռազմական աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ` Իսրայելն ու Ադրբեջանն արդեն մոտ են համապատասխան պայմանագրի ստորագրմանը:
Ընդ որում, գործարքի արժեքի մասին ոչինչ չի հայտնվում:

Spyder զենիթա-հրթիռային համալիրները հանդիսանում են ամեն տիպի եղանակային պայմաններում գործելու մոբիլ, փոքր հեռահարության համակարգեր, որոնք նախատեսված են հարվածային ինքնաթիռների, ռմբակոծիչների, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ու ոչնչացման համար:

Դրանք կարող են կիրառվել ռազմավարական օբյեկտների, ինչպես նաև ռազմաօդային ու ռազմածովային բազաների, կապի կետերի և այլնի պահպանման համար: Համալիրի մեջ են մտնում մեծ անցողությամբ օժտված անվավոր արձակման սարքերը, տրանսպորտային-լիցքավորող մեքենաները, հրամանատարական կետը, ինչպես նաև ռադիոտեղորոշիչ կայանը, որն ունակ է 35 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել և ուղեկցել մինչև 60 թիրախի:

Python 5 կամ Derby տիպի չորս հրթիռները յուրաքանչյուր արձակման սարքին ապահովում են մինչև 9 կիլոմետր բարձրության և մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները խոցելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ուդի Շանին հայտարարել էր, որ Իսրայելը կարող է մեծացնել սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին:

Տեսանյութեր

Լրահոս