Ռուսաստանը մտադիր է իշխանափոխություն իրականացնել Ադրբեջանում. Վաֆա Գուլուզադե

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի նախկին նախագահ Այաթ Մութալիբովի նախագահության ժամանակ արտաքին քաղաքականության հարցերով պետական խորհրդատու Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է իշխանափոխություն իրականացնել Ադրբեջանում.

«Ռուսաստանը մտածում է Ադրբեջանում իշխանափոխության մասին և ցանկանում է այստեղ տեսնել իրեն նվիրված իշխանություն: Ռուսաստանն այն պետությունն է, որից մշտապես իրական վտանգ է բխում Ադրբեջանի համար: Ադրբեջանը պետք է իմանա, որ Ռուսաստանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է: Նա մշտապես տարածաշրջանը համարել է իրենը և այժմ պայքարում է այն վերադարձնելու համար:

Ադրբեջանը բազում դարեր հանդիսացել է ռուսական գաղութ և չնայած նրան, որ նա արդեն ավելի քան 20 տարի է, ինչ անկախ է` Մոսկվայի ազդեցությունը մեր երկրի վրա դեռ ուժեղ է: Երբ Ռուսաստանը թույլ էր, Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո հայտարարեց իր անկախության մասին: Սակայն Պուտինի ժամանակ Ռուսաստանը վերստին ուժեղ է և ցանկանում է իր ազդեցության ոլորտ վերադարձնել թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը:

Մենք որևէ քայլ չենք ձեռնարկում մեր հողերի վերադարձման ուղղությամբ, իսկ այժմ զայրանում ենք, որ դրանց վրայով պետք է թռչեն (հակառակորդի) ինքնաթիռները, ինչը ծաղր է թվում: Եթե մենք պատրաստ ենք Ռուսաստանի և ոչ թե Հայաստանի դեմ պատերազմին, ապա եկեք որոշում ընդունենք: Եկեք խոստովանենք, որ մենք ի վիճակի չենք դա անել, որովհետև մենք կա՛մ պիտի լռենք, կա՛մ էլ պետք է պատերազմ սկսենք և պատրաստ լինենք դրանում պարտություն կրելուն»:

Տեսանյութեր

Լրահոս