
Հայրիկյանը ներողամտություն է հայցում Արման Մելիքյանից

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից, թե վերջինս ինչպե՞ս է վերաբերվում նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հայտարարությանը, որ առաջինը ինքն է դիմել ԿԸՀ՝ տրամադրելու և հրապարակելու հանրապետությունից հեռացածների ցուցակները։ Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը նույն հարցով համատեղ դիմել էին ԿԸՀ-ին և տարածել հայտարարություն։ Նշված հարցին ի պատասխան՝ Պ. Հայրիկյանն ասաց. «Այդ հարցում Արման Մելիքյանը ճիշտ է, իսկապես դժգոհելու իրավունք ունի: Բայց կցանկանայի, որ թե՛ նա, թե՛ հանրությունը իմանան, որ որևէ չարակամություն իր և մյուսների նկատմամբ չենք ունեցել: Հայտարարության տեքստը պատրաստելիս մենք պայմանավորվել էինք վերջում գրել, որ «ստորագրությունների համար բաց է մյուս թեկնածուների համար»: Բայց նյութը տարածելիս, նաև ես, մոռացանք այդ մասը նշել: Արման Մելիքյանը որոշ եզրակացություններ անեց այդ ամենի արդյունքում, ես դրան, սակայն, ուշադություն չեմ դարձնում, բայց թող ներողամիտ լինի»,- նշեց նա: