Ձերբակալվել է հանցագործ աշխարհում հայտնի Արմեն Կանևսկոյի ազգականը (լուսանկարներ)
Այսօր՝ հունվարի 31-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի, հատկապես կարևորագույն գործերով քննիչի կողմից ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռուստամ Սահակյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 30-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Սայաթ Նովա պողոտայից Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել երկու «Մերսեդես G 500» և մեկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ: Nշված երեք ավտոմեքենաները երթևեկել են շարասյունով, բոլորի համարանիշները 77 -777 թվերով՝ տարբեր տառերով են:
Երբ ֆոտոլրագրողը «Գայի պլաշադկա» մտցնելուց սկսել է լուսատեսաձայնագրել նշված ավտոմեքենաները, Ռ. Սահակյանը սկզբից ֆոտոլրագրողին հայտնել է, որ թե նա, թե լրագրողները իրենց աշխատանքն են կատարում, սակայն որոշ ժամանակ անց, ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելուց հետո, սկսել է հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնել Գ. Շամշյանի հասցեին՝ ասելով, թե «սաղ լրագրողները զակազ կատարողներ են, զակազ տվողին և նկարողներին, և նաև քեզ սատկացնելու ենք», և սկսել է խոչընդոտել ֆոտոլրագրողի աշխատանքին:
Տեսնելով, որ Գ. Շամշյանը հակադարձում և չի դադարեցնում նկարահանումները, նա փորձել է հարձակվել ֆոտոլրագրողի վրա, սակայն դա կանխվել է ՃՈ աշխատակիցների կողմից:
Որոշ ժամանակ անց, մեկ այլ երիտասարդ է ժամանել տուգանային հրապարակ, ով նույնպես հայհոյանքներ և սպառնալիքներ տալով՝ փորձել է հարձակվել Գ. Շամշյանի վրա:
Ֆոտոլրագրողի հեռանալուց հետո ոստիկանությունը Ռ. Սահակյանին բերման է ենթարկել Մալաթիա-Սեբաստիայի բաժին, որտեղ էլ հետաքննիչ Դավիթ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվել և ուղղարկվել Մալաթիայի ոստիկանության քննչական բաժին:
Ձերբակալված Ռ. Սահակյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող», հանգուցյալ Արմեն Կանևսկոյի ազգականն է, իսկ նշված ավտոմեքենաները պատկանում են Ա. Կանևսկոյի ազգականներին: