
Ալեքսանդր Արզումանյանը բայղուշությունը որպես քաղաքական կատեգորիա չի ընդունում

«Ես բայղուշությունը որպես քաղաքական կատեգորիա չեմ ընդունում: Իսկ նստել տանը ու չմասնակցել ընտրություններին, ասելով՝ վերջ, մեռանք ևս տասը տարի, ես բայղուշություն եմ համարում: Չե՞ս ուզում քեզ հինգ տարի ևս կեղեքեն, գնա, գլուխդ տուր պատով, պայքարի: Այնքան պետք է տաս, որ պատը ծակես»: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «զատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Ինչ վերաբերում է իրենց կուսակցությանը, որը ևս ընտրություններին չի մասնակցում իր թեկնածուով, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Մենք մեր թեկնածուն չունենք, բայց ակտիվորեն մասնակցում ենք ընտրական գործընթացներին, աջակցում ենք երեք հիմնական ընդդիմադիր թեկնածուներին: Մեր խորին համոզմամբ, ընդդիմություն են Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը: Նրանցից որին էլ ձայն տա ընդդիմադիր հասարակությունը, միայն ողջունելի կլինի: Դրա համար մենք կոչ ենք արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ճաշակին համապատասխան ձայն տալ նրանցից որևէ մեկին: Մենք բացառում ենք աջակցություն գործող քրեաօլիգարխիկ կամ ավազակապետական ռեժիմին»:
Ըստ Արզումանյանի, ինքը շատ ցավում է, որ խոշոր կուսակցություններն ընտրել են չմասնակցություն տարբերակը, չնայած նկատում են, որ կուսակցությունների ինչ-ինչ սեգմենտներ ևս մասնակցում են. «ՀԱԿ-ի մի մասը սատարում է Հրանտ Բագրատյանին, ԲՀԿ-ի մի մասը՝ գործող նախագահին»: