Բռնաբարության փորձից հետո էլ շորթում

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Թաթուլ Պողոսյան) Արտաշատ քաղաքի բնակիչ Սամվել Նիկոլյանին մեղավոր է ճանաչել բռնաբարության փորձի և շորթման համար և նրան դատապարտել է ազատազրկման 7 տարի ժամկետով:

Քննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Համեստ Ավագյանը 2012թ. ապրիլի 24-ին, ժամը 22-ի սահմաններում իր տանը ծանոթուհու` Մարինեի (անունը փոխված է) հետ ընթրելիս, օգտագործել են մեկ լիտր գինի: Այնուհետև Հ.Ավագյանը Մարինեին առաջարկել է միասին գնալ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում բնակվող իր բարեկամուհու տուն` նրա հետ Մարինեին ծանոթացնելու նպատակով, որին վերջինը համաձայնվել է:

Ժամը 23-ի սահմաններում Հ.Ավագյանը Մարինեին տարել է հիշյալ փողոցի շենքերից մեկում բնակվող Սամվել Նիկոլյանի բնակարան (Հ.Ավագյանը 2011թ. ընթացքում մի քանի ամիս փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Ս. Նիկոլյանի հետ): Այստեղ Հ.Ավագյանն ընթրիք է պատրաստել, որի ընթացքում նա և Ս. Նիկոլյանն օգտագործել են ոգելից խմիչք, սակայն Մարինեն ընթրելուց հրաժարվել է` ինքնազգացողության վատանալու պատճառով:

Ժամը 23:30-ի սահմաններում Հ.Ավագյանը հայտնել է, որ տեղ է գնում, շուտով կգա և Մարինեին առաջարկել է սպասել Ս. Նիկոլյանի տանը` մինչև իր վերադառնալը: Հ.Ավագյանի` բնակարանից դուրս գալուց հետո Ս.Նիկոլյանը ներսից բանալիով փակել է տան մոտքի դուռը, սկսել է հանել իր հագուստները: Մարինեի հարցին, թե ինչու է հանում հագուստները, Ս. Նիկոլյանը հայտնել է, որ ցանկանում է կենակցել նրա հետ: Մարինեն ընդդիմացել է Ս.Նիկոլյանին, սակայն վերջինը սեռական հարաբերություն ունենալու դիտավորութամբ, Մարինեի դիմադրությունը կոտրելու նպատակով, բռնություն է գործադրել և բռունցքներով հարվածներ հասցրել նրա դեմքին, առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս:

Ըստ գործի նյութերի՝ Մարինեն շարունակել է դիմադրել, օգնություն է կանչել, հայտնել է, որ կույս է և խնդրել է Ս.Նիկոլյանին ձեռք չտալ իրեն, սակայն վերջինն իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, բռնությամբ, քաշելու միջոցով հանել է աղջկա հագուստները, նրան պառկացրել է մահճակալին և փորձել է բռնաբարել, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ հնչել է տան դռան զանգը:

Ս.Նիկոլյանը մոտեցել է տան մուտքի դռանը` պարզելու համար, թե ով է զանգողը, իսկ Մարինեն օգտվելով այդ հանգամանքից, հագել է հագուստները, ննջասենյակի պատուհանից ցատկել է բաց պատշգամբ, որտեղից էլ օգնության ձայներից պատշգամբին մոտեցած Արտաշատ քաղաքի բնակիչներ Գեղամ Ավետիսյանի և Գեղամ Հակոբյանի օգնությամբ իջել է պատշգամբից և նրանց հետ հեռացել Ս.Նիկոլյանի շենքի մոտից: Մարինեն նրանց խնդրել է իրեն թաքցնել, քանի որ հիշյալ շենքի մոտից հեռանալիս նկատել է բնակարանից շենքի բակ դուրս եկած և իրեն փնտրող Ս. Նիկոլյանին:

Գեղամ Ավետիսյանն ու Գեղամ Հակոբյանը Մարինեին տարել են արտեզյան ջրհորի մոտ, որտեղ վերջինս լվացվել է, իսկ այնուհետև նրան տարել են հեռախոսազանգով իրենց միացած Արա Գասպարյանին պատկանող, Արտաշատ քաղաքում գտնվող ավտոտնակ, որտեղ Մարինեին օգնություն են ցույց տվել: Այդ ընթացքում նա տղաներին պատմել է Ս. Նիկոլյանի կողմից իր նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու հանգամանքների մասին: Ինքնազգացողության վատ լինելու պատճառով Մարինեն մինչև առավոտ մնացել է նշված տնակում, իսկ առավոտյան հիշյալ տղաները տաքսի ավտոմեքենայով նրան ճանապարհել են տուն:

Դրանից հետո Ս. Նիկոլյանը և Հ. Ավագյանը տեղեկանալով, որ 2012թ. ապրիլի 24-ի գիշերը Մարինեն Ս.Նիկոլյանի տանից փախչելուց հետո մնացել է Ա. Գասպարյանի ավտոտնակում և նրան օգնություն են ցույց տվել Գ. Հակոբյանը, Գ. Ավետիսյանը և Արա Գասպարյանը, նախնական համաձայնությամբ որոշել են գումար շորթել նշված անձանցից:

2012թ. ապրիլի 26-ին Ս. Նիկոլյանը և Հ. Ավագյանը Ա. Գասպարյանից գումար շորթելու դիտավորությամբ վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու, մասնավորապես` Մարինեին իբր բռնաբարելու փորձի ու ծեծելու մասին իրավապահ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու սպառնալիքով նրանից պահանջել են 100 000 դրամ:

Բացի դրանից, Ս. Նիկոլյանը և Հ. Ավագյանը նախնական համաձայնությամբ Գ. Հակոբյանից և Գ. Ավետիսյանից գումար շորթելու դիտավորությամբ 2012թ. ապրիլի 27-ի ժամը 14-ի սահմաններում գնացել են Գ. Ավետիսյանի բնակարան, որտեղ գտնվող Գ. Ավետիսյանի և Գ. Հակոբյանի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու վերոնշյալ սպառնալիքով Գ. Հակոբյանից և Գ. Ավետիսյանից պահանջել են 50 000-ական դրամ:

Նկարագրված հանցավոր արարքի համար հիշյալ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այսինքն` նախնական համաձայնությամբ գումար շորթելու համար, դատապարտել է նաև Հ. Ավագյանին` նրա նկատմամբ նշանակելով պատիժ ազատազրկման ձևով, 3 տարի ժամկետով:

Ամբաստանյալներ Ս. Նիկոլյանը և Հ. Ավագյանն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել առաջադրված մեղադրանքներում, տվել են այլ բովանդակությամբ ցուցմունքներ: Հավելենք նաև, որ հիշյալ դատարանի 2012թ. հոկտեմբերի 26-ի դատավճռից հետո ամբաստանյալները դրա դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ուշագրավ է, որ Ս. Նիկոլյանը վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել և փոփոխել հիշյալ դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ կամ պատիժը փոխել ավելի մեղմ պատժով: Եթե բռնաբարության փորձ և շորթում չի եղել, էլ ի՞նչ պատիժ, թեկուզ և մեղմ…

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս