Զատիկյանի գործով վկաները հրաժարվում են նախաքննական ցուցմունքներից
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով երեկվա նիստում որոշել է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ վկաների նկատմամբ խոշտանգումներ կատարելու հայտարարությունները քննության առնելու համար:
Մալաթիայի ոստիկանության բաժնում նախաքննության ընթացքում իր նկատմամբ խոշտանգումների մասին այսօր հայտարարեց վկա, գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի ընկերը՝ Ահարոն Հակոբյանը: Նախորդ նիստում նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև վկա Արամայիս Սեդրակյանը:
Ըստ Ահարոն Հակոբյանի՝ իրենից երկու անգամ ցուցմունքներ են կորզվել խոշտանգումների միջոցով՝ դիմակավոր անձինք ուժգին հարվածներ էին հասցնում իր գլխին, ոտնաթաթերի տակ, կողերին: Ծեծին հնարավոր չէր դիմանալ, այդ պատճառով էլ տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Վկան հավելեց, որ դրանք իր ցուցմունքները չեն, «տպած բերել են, ծեծելով պարտադրել են», և ինքը դրանք ստորագրել է: Նա հայտնեց նաև, որ ոստիկաններն իրենց տուն դիմումի ձև էին բերել առ այն, որ «խնդրում եմ ոչ մեկի հետ ինձ առերես չհարցաքննել»՝ իր անվտանգությունից ելնելով: Ինքը, սակայն, նման դիմում չի գրել:
Նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև էական հակասությունների պատճառով հրապարակվեցին վկայի ցուցմունքն ու լրացուցիչ ցուցմունքը: Ըստ առաջինի՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրել են Ստեփան Հակոբյանն ու Նարեկ Խաչատրյանը, և այդ մասին վկային հայտնել է վերջինը:
Ըստ նախաքննական լրացուցիչ ցուցմունքի՝ հիշյալ երկու անձինք սպանությունը կատարողին՝ Արսեն Առուշանյանին իր՝ վկայի, միջոցով գումար են փոխանցել:
Ահարոն Հակոբյանը նորից հայտարարեց, որ դա իր ցուցմունքը չէ: «Լավ, գեղեցիկ» գրել են, բրավո»:
Մեղադրող Արմեն Մարուխյանի հարցին, թե այնուամենայնիվ ցուցմունքներում կան բաներ, որոնք, ըստ վկայի համապատասխանում են իրականությանը, վկան պատասխանեց՝ երևի, ապա նորից հավելեց, որ տպած բերել են, հարցաքննություն չի եղել. «Ես ոչ քննիչ եմ տեսել, ոչ էլ հարցաքննող», – ասաց նա: Վկան հերքեց նաև փող փոխանցելու մասին ցուցմունքը և հայտարարեց, որ ինքը Նարեկ Խաչատրյանի խնդրանքով ընդհանուր ընկերոջ՝ Արմեն Բեկջանյանի հետ մաքսազերծման վերաբերյալ փաստաթղթեր է փոխանցել անծանոթ մի անձի: Նա հերքեց նաև նախաքննական ցուցմունքն այն մասին, թե տուժողի ու ամբաստանյալի միջև թշնամանք է եղել: Ըստ վկայի, հարաբերությունները սառել էին, բայց թշնամանք չկար:
Այս գործով միակ ամբաստանյալը Ստեփան Հակոբյանն է՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին, ով մեղադրվում է Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Ստեփան Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Բացի այդ Ստեփան Հակոբյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ:
Հաջորդ՝ հունվարի 31-ին նշանակված նիստը տեղի կունենա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ կհարցաքննվի այս գործով վկա, Սեդրակ Զատիկյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը:
«Փաստինֆո»