Սերժ Սարգսյանը տանը չէր, առաջին տիկինն էլ չընդունեց. Բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի տան մոտ
Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Արամի և Բուզանդի փողոցների բնակիչները հավաքվել էին Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ նախագահին պատկանող տան դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկացել են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Շուրջ մեկ ժամ նրանք անցկացրել են այդ վայրում, սակայն ակցիայի մասնակիցներին ոստիկանները հայտնել են, որ Սերժ Սարգսյանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, գտնվում է Լոռու մարզում` հորդորելով հավաքվածներին հեռանալ:
Ապա ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի իրենց հետ հանդիպի առաջին տիկինը, սակայն այդ պահանջը ևս չի կատարվել: «Թող մեզ ընդունեն, մեր խնդրին լուծում տան, ուր գնում, բողոքում են, անօգուտ է, ինչքա՞ն կարելի է ցրտին, անձրևին և ձյանը հավաքվենք ու բողոքենք»,- galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել են հավաքվածները:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ բնակարանով ապահովելու խոստում իրենց անձամբ տվել է Սերժ Սարգսյանը և հիմա պարտավոր է կատարել այն: «Մենք ողորմություն չենք ուզում, մենք մեր բնակարաններն ենք ուզում, ինչքա՞ն կարելի է վարձով ապրել»: