
ՀՀԿ շտաբի պետը մա՞րդ է սպանել. մամուլ

«Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պատասխանատուն։ Բանն այն է, որ Սարի թաղի բնակիչ 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել է «Օդոլ» մականունով հայտնի էդիկ Հակոբյանի հետ։
Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Օդոլը կրակել է Սերգեյի վրա։ Ստացված հրազենային վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է։ Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Օդոլի նկատմամբ։
Սարի թաղի բնակիչները երեկ «Ժողովուրդի» հետ զրույցում տեղեկացրին, որ Օդոլը երկար տարիներ աշխատել է Հանրապետական կուսակցության համար և հիմա էլ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն է։ Մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, նշեց. «Խնդրին ծանոթ չեմ և այս առումով որևէ պարզաբանում չեմ կարող տալ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: