Բաժիններ՝

ԵԽԽՎ-ի «ողջունելու» ու «դատապարտելու» գինը մի քանի կիլո խավիար է. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Մեր պատվիրակների դժգոհությունները ԵԽԽՎ-ից գնալով ավելանում են և ավելի կոշտ ձևակերպումներ են ստանում։ Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների գնահատականներն այս առումով առանձնապես չեն տարբերվում, ինչից կարելի է եզրակացնել, որ տարբեր եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորներից շատերն իսկապես իրենց ամենևին «եվրոպավարի» չեն պահում և այլասերված են ավելի շատ, քան հետխորհրդային կամ, ասենք, լատինաամերիկյան պետական պաշտոնյաները։

Մասնավորապես, ԵԽԽՎ-ում «պարզվել է», որ Ադրբեջանը բավականին ժողովրդավարական երկիր է և փայլուն կերպով կատարում է Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները։ Իսկ եթե ինչ-որ բան այն չէ, ապա զուտ այն պատճառով, որ «իրենց» տարածքների 20 տոկոսը «զավթված է», և Ադրբեջանում կա մեկ միլիոն փախստական։

Ինչպես ասում են, փողին (կամ տվյալ դեպքում` գուցե խավիարին) մուննաթ։ Ուրիշ ինչպես կարելի է ծաղրել այդ կազմակերպության հռչակած նպատակները և ընդհանրապես՝ եվրոպական արժեքները։

Բայց այստեղից երկու հարց է ծագում` արժե՞ արդյոք «վիզ դնել», որ ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց ընդունի Ադրբեջանի վերաբերյալ։ Եթե որևէ մեկի կարծիքը ես կարևորում եմ, ապա, անշուշտ, փորձում եմ նրան ներկայացնել բոլոր փաստերը, որպեսզի նա առավելագույնս օբյեկտիվորեն գնահատի իրավիճակը։ Բայց եթե ես վստահ եմ, որ տվյալ մարդը կամ կազմակերպությունը գնահատական է տալիս կաշառքի ազդեցության տակ, ապա նրանց գնահատականն ինձ համար կոպեկի գին չունի։

Նույն տրամաբանությամբ՝ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը այնքան տանջվում, որ, օրինակ, եվրոպական այդ կառույցը հնարավորինս դրական կամ հնարավորինս բացասական գնահատական տա մեր ընտրություններին։ Այդ ի՞նչ մի անաչառ դատավորներ են, որոնց կարծիքի վրա մենք այդքան դողում ենք։ Հիմա նրանք ինչ-որ դիտորդներ են ուղարկելու, որոնք ինչ-որ զեկույցներ են գրելու, հետո այդ զեկույցները իշխանությունն ու ընդդիմությունը տառ աո տառ ուսումնասիրելու են, ասելու են՝ «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը ողջունեց», «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը դատապարտեց»՝ անտեսելով այն փաստը, որ այդ «ողջունելու» ու «դատապարտելու» գինը մի քանի կիլո խավիար է։

Իրականում առանց որևէ դիտորդների էլ թացն ու չորը ջոկելը բավականին հեշտ է։ Սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում վատն է, ու պատճառը ոչ թե 2008-2009 թվականների միջազգային ճգնաժամն է, ինչպես ուզում է ներկայացնել իշխանությունը, այլ իր՝ իշխանության ապաշնորհ և կոռումպացված լինելը։ Մյուս կողմից՝ սուտ է, որ այս ընտրարշավն անցնում է ոչ մրցակցային, պասիվ պայմաններում։ Սուտ է նաև, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ՝ դիտեք նախընտրական հանդիպումների տեսագրությունները։ Վախի փուլը մեր՚ երկրում անցած է՝ հուսանք, որ վերջնականապես»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս