
Վիկտորի հայտնությունը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանից սկսած՝ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ մի տեղ չէր երևում, հեռախոսազանգերին չէր պատասխանում. լուրեր կային, թե մեկնել է Ռուսաստան, սակայն հայտնի չէր, թե ինչու: Ոմանք էլ մտածում էին` նախագահական ընտրությունների շեմին մոսկովյան «հետաքրքիր» կառույցների գրադարաններում հատուկ թույլտվությամբ արխիվներ ուսումնասիրող պատմաբան Դալլաքյանը որոշակի առաքելությամբ է գտնվում այնտեղ:
Նախորդ օրը Նժդեհի ֆիլմի էլիտար դիտման եկած Սերժ Սարգսյանը ձեռքը երկարացրել էր դեպի մեջտեղի շարքը` Դալլաքյանին բարևելու, և բոլորը տեսել էին, որ Վիկտորն արդեն վերադարձել է: Պարզվում է` ընդամենը առողջական խնդիրներով է Մոսկվայում եղել: «Բուժվում էի,- տեղեկացրեց Վ. Դալլաքյանը,- մեկնել եմ նոյեմբերին, վերադարձել մի քանի օր առաջ: Արդեն լավ եմ»: