Քուշկյանի հանձնարարականը. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով, ԲՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն իրեն պատկանող «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին և ողջ աշխատակազմին հանձնարարել է պատրաստվել ընտրություններին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրելու համար։ Նա աշխատակազմի ղեկավար կազմին հանձնարարել է այդ ուղղությամբ խոսել բոլոր բժիշկների ու մյուս աշխատողների, նույնիսկ հիվանդների հետ, նրանց բացատրել, որ միակ արժանի թեկնածուն Ս. Սարգսյանն է»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և հավելում.
«Մենք փորձեցինք այս տեղեկատվության հետ կապված մեկնաբանություն ստանալ «Նաիրիի» ղեկավարությունից, բայց դա չհաջողվեց։ Մեր տեղեկություններով, Հ Քուշկյանը Ս. Սարգսյանին պաշտպանելու հանձնարարություն է տվել ոչ միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում, այլև իր ազդեցության տակ գտնվող բոլոր բուժհիմնարկներում։ Հիշեցնենք, որ վերջինիս քույրը իշխող ՀՀԿ անդամ է, և քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ նախկին նախարարը ևս համալրի ՀՀԿ շարքերը, սակայն այս օրերին Հ. Քուշկյանից հնարավոր չէ իր ապագա քաղաքական գործունեության հետ կապված որևէ մեկնաբանություն ստանալ»: