Հ.Բագրատյանը դիմել է գլխավոր դատախազություն (տեսանյութ)
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը համոզված է, որ այս ընտրություններում հիմնական մրցակցությունը լինելու է իր և գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի միջև: «Ինտրիգը Բագրատյան-Սերժ Սարգսյան է, ուզում են ինչ-որ սոցիոլոգիական հարցումներով ցրել այդ ինտրիգը, բայց ես դատախազությանն եմ դիմել, պահանջել ենք ճշտեն` ովքեր են կանգնած այդ հարցումների հետեւում, ինչ մարդիկ են, հարկայինը թող ճշգրտի` ովքեր են նրանց վճարում, և այլն»,- նշել է Հրանտ Բագրատյանը:
Խոսելով հայաստանյան ընդդիմության գործունեության մասին` նախագահի թեկնածուն կարծիք է հայտնել, որ Հայաստանում այսօր կա ընդդիմություն, այլ հարց է, որ այս ընտրություններում միավորումներ տեղի չեն ունեցել: «Մի ընդդիմություն կար` միասնական` հանձին ՀԱԿ-ի: Հիմա այլ է, օրինակ, ես ինձ ընդդիմություն համարում եմ: Չենք կարող պատկերացնել, թե սա պոդիում է, եւ ով որ սիրուն է, ով որ լավն է, պետք է ընտրվի: Ո´չ, եթե մարդկանց գաղափարները, ծրագրերը չեն համապատասխանում, միասնականություն լինել չի կարող»,- նշել է Հրանտ Բագրատյանը:
Galatv.am-ի լրագրողն առաջարկել է անդրադառնալ նախագահի մյուս թեկնածուների կողմից տարվող քարոզարշավի ընթացքին, թեկնածուների վարքագծին. «Միայն Սերժ Սարգսյանից եմ խոսում, մյուս վեցը իմ հասցեին խոսել են, ես պատասխանել եմ, իրենց մասին չեմ խոսում, եթե խոսեմ իրենց մասին, կասեն Սերժ Սարգսյանի մարդն է: Սերժ Սարգսյանի մասով կասեմ հետևյալը` իմ մտահոգությունը սա է. ակնհայտ նրա որեւէ թիվ չի կատարվել, մենակ չնչին թոշակն է բարձրացել, իր ծրագրում որեւէ կոնկրետ թիվ չկա, զարգացում չկա ընդհանրապես»,-ասել է Հրանտ Բագրատյանը: