Սերժ Սարգսյան. Մենք թվով այնքան փոքր ենք, որ քչանալու տեղ չունենք

ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ արտագաղթի խնդրին: «Մեզ համար կենսական հարց է բնակչության տարիքային կազմը և ժովովրդագրական առկա միտումները: Մենք թվով այնքան փոքր ենք, որ քչանալու տեղ չունենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Իսկ Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղում հավաքված գյուղացիներից մեկը Սերժ Սարգսյանին ասաց, որ իրենց հիմնական խնդիրը կոմբայն չունենալն է: Գյուղացու ասելով՝ գյուղի կոմբայնը 40 տարվա հնություն ունի. «Չկա, կոմբայն չկա, ցորենը թափվում ա գետնին, կորուստներ են լինում»,- ասաց գյուղացին:

Սերժ Սարգսյանը խոստացավ լուծել գյուղի կոմբայնի հարցը: Գյուղացիներից մեկն էլ ասաց, թե գյուղին ավելի շատ հարկավոր է ոչ թե կոմբայն, այլ՝ ավտոբուս, քանի որ գյուղի ամենահեռավոր հողամասը գտնվում է 10 կմ հեռավորության վրա, և իրենք այնտեղ հասնելու խնդիր ունեն: Դրանից հետո գյուղացիների միջև տարաձայնություն առաջացավ՝ կոմբա՞յն, թե՞ ավտոբուս: Սերժ Սարգսյանն էլ՝ տեսնելով գյուղացիների տարաձայնությունն այդ հարցով, կատակեց՝ նրանց հորդորելով երեկոյան հավաքվել, քննարկել, և պատասխանը մարզպետի միջոցով փոխանցել իրեն:

Նոյեմբերյանի ավագ դպրոցում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Մովսես գյուղի բնակիչներից մեկի՝ գյուղում գործարան բացելու մասին առաջարկին: Սերժ Սարգսյանի խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, որ Մովսես գյուղում գործարան բացելը ապագա չի կարող ունենալ, այլ խնդիր է, որ այնտեղ կարող են բացվել փոքր արտադրամասեր: «Մարդկանց պետք է համոզենք, որպեսզի զբաղվեն իրենց գործով, աշխատեն հողի վրա, զբաղվեն անասնապահությամբ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս