Չեն ուզում Տիգրան Մուկուչյանն էլ սրտի կաթված ստանա (տեսանյութ)
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջև մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին, ինչպես իրենք են ձևակերպել, ոչ թե բողոքի, այլ պահանջի ակցիա: Քանի որ ընտրությունների վավերացման հիմնական գործընթացը կատավում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ուստի Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջով, «Սա մեր պետական հաստատությունն է, ազատե´ք այն, կեղծարարներ» ցուցանակներով վերջիններս հավաքվել էին ԿԸՀ-ի դիմաց:
Չնայած ընտրությունից ընտրություն բոլորն են ականատես լինում, թե ինչպես է մեր երկրում այդ քաղաքական գործընթացն ուղեկցվում ընտրակաշառքներ բաժանելով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, այլ խախտումներով, այնուամենայնիվ, պահանջի ակցիայի մասնակիցների խոսքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավերացնում է այդ գործընթացը:
«Մեր պահանջն է, որ կեղծարարներն ազատեն այս պետական կառույցը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ ազատման լավագույն տարբերակն այն է, որ Տիգրան Մուկուչյանը հրաժարական տա»,- galatv.am-ի հետ զրույցում նշել է ակցիայի մասնակից ծրագրավորող Արթուր Ղազարյանը: ԿԸՀ նախագահը` որպես պրոֆեսիոնալ իրավաբան, ըստ Ղազարյանի, չպետք է մասնակցի կեղծարարությանը, ավելին.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահները ընտրություններից հետո` մի քանի տարի անց, չգիտես` ինչու, սրտի կաթվածներ են ստանում և մահանում: Չենք ուզում, որ այս անգամ նույնը կրկնվի»,- նշեց Արթուր Ղազարյանը: