Աշոտ Մանուչարյան. Թող ընտրություններն ըստ շախմատի որոշեին, էլի Սերժը կհաղթեր… (տեսանյութ)
«Այս ընտրությունները, որպես երկրի կառավարման համակարգ, հնացել են ամբողջ աշխարհում, մենք պետք է մտածենք` ինչ ձևով և ինչն ենք հաստատում` որպես ժողովրդավարություն, բայց այսօր կա մի կարևորագույն հարց. մեր երկրի անկախությունն ամրապնդելու և մեզ մոտ բանդիտիզմ թույլ չտալու համար պետք է ուղարկենք գրողի ծոցը եվրոպական դիտորդներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի Աշոտ Մանուչարյանը, ում կարծիքով դիտորդական առաքելությունների մեջ ավելի շատ բանդիտիզմ կա, քան բուն ընտրությունների մեջ, քանի որ նույն եվրոպական երկրներն իրականում օգտագործում են այդ դիտորդական առաքելությունները միայն սեփական շահերին սպասարկելու համար և այդ շահերի համար կարող են համաձայնության գալ տվյալ երկրի իշխանության հետ` անտեսելով իրական ժողովրդավարությունը:
Աշոտ Մանուչարյանից հետաքրքրվեցին, թե «մենք» ասելով` նա ո՞ւմ ի նկատի ուներ: Ի պատասխան Մանուչարյանն ասաց. «Մեզ` հայերիս, Հայաստանի քաղաքացիներին` միակ սուվերենին: Եթե բոլոր այստեղ նստածներդ` ինձ հետ միասին, սկսենք կրկնել, արդեն կլինենք 7-8 հոգի, արդեն լավ է, իսկ եթե մեզ միանան Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը, մի հատ էլ թուղթ այսօր ստորագրեն, դա ընդհանրապես հոյակապ կլինի: Թե չէ մենակ սոված Անդրիաս Ղուկասյանն է, ճիշտ է` երեկ Շանթը ամրապնդեց լավ, համ էլ քաչալը ծածկեց»:
Լրագրողները հարցեր ուղղեցին նաև նախընտրական գործընթացների վերաբերյալ, մասնավորապես այն մասին, թե ինչո՞ւ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չմիացավ վերոհիշյալ երեք թեկնածուների հայտարարությանը: Ի պատասխան Աշոտ Մանուչարյանը նշեց, որ դրանք «տասներորդական» հարցեր են:
«Գիտեք, մի մեծ կեղծիք է կատարվում, մեկ էլ ասում եք` բայց էդ կեղծիքի մեջ ճիշտ չի՞ լինի, որ բոլորը փողկապով լինեն: Երևի ճիշտ կլինի, ասենք` ցուցակները ճիշտ հրապարակված լինեն և այլն… Ի՞նչ է նշանակում գրավով ընտրություն, ինչո՞ւ են ըստ փողի որոշում, թող շախմատ խաղ անեին, էլի Սերժը կհաղթեր…կամ ըստ բոյի, այդ ժամանակ Սերժը կպարտվեր: Ինչո՞ւ ըստ փողի, ո՞վ է ընտրել փողը` որպես գրավ, որպես որևէ բանի չափանիշ»,-ասաց Աշոտ Մանուչարյանը: Շարունակելով նա խոսեց նաև այն մասին, թե ինչ կարող է լինել Հայաստանում` ընտրություններից հետո:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում