Էպոսագետը «Գելափի» հարցումը ծիծաղելի է համարում
ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը չի հավատում «Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի» և«Gallup Organization» կազմակերպության կողմից այսօր հրապարակված հարցումներին: Ըստ հարցումների՝ընտրողների 66 տոկոսը պատրաստ է ընտրել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին, իսկ վերջին տեղում էպոսագետ թեկնածուն է՝ 0,1 տոկոսով:
«Իսկ ի՞նչ պետք է ներկայացներ «Գելափը»: Սա պետական քաղաքականության հերթական քայլն է: «Գելափը» շատ վաղուց է գործում Հայաստանում, և ընտրությունների ժամանակ համապատասխան թվեր է ցույց տալիս, դա նույնպես պետության պատվերն է, միանշանակ: Իշխանության թեկնածուն հոգեվարքի մեջ է, և իրենից ամեն ինչ սպասելի է»,- 168.am-ին ասաց Վարդան Սեդրակյանը:
Վերջինս բացարձակապես չի վիրավորում այն փաստից, որ իր անունը վերջին տեղում է հայտնվել, պարզապես համոզված է, որ հարցումն անտրամաբանական է:
«Ես բացարձակապես չեմ վիրավորվում, պարզապես ուզում եմ ցույց տալ, թե ինչքան է ծիծաղելի այդ հարցումը: Այն թեկնածուն, որը հայտարարում է, թե հանելու է թեկնածությունը (խոսքն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի մասին է. Ա. Փ.) ավելի շատ ձայն ունի, քան ես: Իրականում այդ մարդն ընտրող չունի, ոչ թե ինքը վատն է ինձնից, այլ ուղղակի անունը չի լինելու քվեաթերթիկում»,- ասաց էպոսագետ թեկնածուն:
Վարդան Սեդրակյանի խոսքով, ինքը հանգիստ շարունակելու է իր գործն անել, իսկ փետրվարի 18-ն էլ սարերի ետևում չէ: Նախագահի էպոսագետ թեկնածուն համոզված է, որ նմանատիպ հարցումներին հասարակությունը ևս չի հավատում: Նա հիշեց թե’ «Գելափի», թե’ «Սոցիոմետր» կազմակերպության՝ նախորդ ընտրությունների ժամանակ հրապարակած տվյալները, երբ իշխանության թեկնածուն միշտ ջախջախիչ առավելություն է ունեցել:
«Տեսեք «Սոցիոմետրի» արդյունքները: 2008թ. փետրվարի կեսերին՝ մինչև ընտրությունները, Լևոն Տեր-Պետրոսյանին 5 տոկոս էր ձայն տալիս: Եթե նման հզոր քաղաքաքական գործչին նման թվեր էին գրում, ի՞նչ եք ուզում, ինձ ի՞նչ պիտի գրեին»,- ասաց Վարդան Սեդրակյանը՝ հավելելով, թե ինքն իր թեկնածությունը չի առաջադրել, որպեսզի տեսնի, թե որ հարցման արդյունքում որ տեղում է հայտնվում: