Մալաթիայի տոնավաճառի «Բուռչո Սամոյի» առեղծվածը. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները «Անահիտ» տոնավաճառի տարածքում ծեծկռտուքի, ինչպես նաև գողության կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել նույն համայնքի բնակիչ 35-ամյա Արման Երիցյանին, ապա տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Սակայն Արմանի ծնողները, ինչպես նաև տոնավաճաոի աշխատակիցները, պնդում են, որ վերջինիս «գլխին սարքել են:
«Ժողովուրդի» խմբագրություն այցելած Ա. Երիցյանի 63-ամյա հայրը՝ Լևոն Երիցյանը, պատմեց դեպքի մանրամասները։ Ըստ նրա՝ Արմանը խմիչքի հետ սեր ունի և հաճախ է գնում տոնավաճառի տարածքում գտնվող կրպակներում խմելու. «Նոյեմբերի 28-ին տղայիս ասացի, որ գնա տոնավաճառ և իր ընկերներից բերի մեր տան խողովակի գործիքները։ Գնաց և շատ ուշացավ, ես էլ անհանգստացա, գնացի իր հետևից ու տեսա, որ շուկայի թիվ 29 կրպակում տղաս երկու հոգու՝ Սամվելի և Արսենի հետ խմում է։ Ավելի ուշ տեսա, թե ինչպես կրպակի աշխատակցուհին երեքին էլ դուրս հանեց կրպակից, և ես իմ տղային այդ նույն պահին տուն տարա»:
Լևոնի ներկայացմամբ` հաջորդ օրը Սալաթիա– Սեբաստիայի բաժնի քննիչ Մուկուչը զանգահարում է Երիցյանների բնակարան և պահանջում, որ Արմանը ներկայանա ոստիկանություն, քանի որ ինչ-որ ծեծկռտուք է եղել շուկայում, և Սամվել անունով մի տղամարդ ոստիկաններին պատմել է, թե իրեն շուկայում ծեծի է ենթարկել Արմանը և դանակը պահելով կոկորդին՝ փող է պահանջել։
Արմանը ներկայանում է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին և պատմում, որ ինքը ոչ ոքի ծեծի չի ենթարկել և շուկայի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետ որևէ կապ չունի։ «Իմ տղան հիվանդ երեխա է և հիվանդության պատճառով ազատվել է բանակից, իսկ էդ Սամվելը, որին իբր իմ տղան է ծեծել, շատ վատ անձնավորություն է՝ հարբեցող, քցող, մարդկանց գլխին սարքող, գործ տվող և շուկայում հայտնի է «Բուռչիկ Սամո» անվամբ»,- իր տղայի «զոհին» այսպես ներկայացրեց Լ. Երիցյանը։ Նա նաև պատմեց, որ կեղծ ցուցմունքների հիման վրա Արմանին կալանավորում են և տեղափոխում «Նուբա րաշեև» ՔԿՀ, որտեղ որդին, չհամակերպվելով անարդարության հետ, հացադուլ է հայտարարում «ճիշտ է, իմ տղան խմիչքի հետ սեր ունի, բայց հավատացե՛ք, որ նա մարդ չի ծեծել ու փող չի պահանջել»:
Լ. Երիցյանը բողոքեց նաև, որ տոնավաճառի կրպակներում խայտառակ իրավիճակ է։ Գրեթե ամբողջ օրը օղի են վաճառում, և այստեղ բոլորը հարբեցողությամբ են զբաղված, ինչի արդյունքում էլ անմեղ տղաներ են տուժում։ «Երեխաս հիվանդություն ունի, և նրան կալանավայրում համոզել են, որ դադարեցնի հացադուլը։ Խնդրում ենք, օգնե՛ք մեզ վերականգնել արդարությունը»,– հուզված ասաց Լ. Երիցյանը։
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «ժողովուրդը» այցելեց «Անահիտ» տոնավաճառ։ Կրպակների աշխատակիցների խոսքով՝ նոյեմբերի 28-ին իրենք Սամվել Մեջլումյանին շատ հարբած ու դեմքը վնասված տեսել են տոնավաճառի տարածքում։ «Նա բանջարեղեն է ծախում, և մենք՝ առևտրականներս, շատ լավ գիտենք նրան։ Սամվելը շատ այլանդակ կերպար է և մարդ է ման գալիս, որ գլխին սարքի։ Այդ օրը այնքան խմած էր, որ ընկել է, թե չէ նրան ոչ ոք չի ծեծել»,- նշեց շուկայի աշխատակից 20-ամյա Արթուրը։ Տոնավաճառի աշխատակիցները նաև պատմեցին, որ Սամվելն իրենց ասել է, թե իբր ոստիկանությունում իրեն 3 օր պահել են և ստիպել, որ նա իրեն ծեծի ենթարկելու մեջ մեղադրի Արմանին, ինքն էլ վախից գնացել է այդ քայլին։
Այցելեցինք նաև թիվ 29 կրպակ, որտեղ այդ գիշեր հարբեցողությամբ են զբաղվել Արմանը, Սամվելը և Արսենը։ Կրպակի աշխատակցուհի Նարինեն նշեց, որ այդ օրը Սամվելը վնասված եկել է կրպակ և ասել, թե ընկել է և դրանից է դեմքը վնասվել։ «Նրանք շատ խմած էին ու էլի խմիչք ուզեցին, ես էլ ասացի՝ դո՛ւրս եկեք, ձեզ խմիչք չեմ տա։ էլ ոչինչ չգիտեմ, բայց ձեզ հաստատ բան եմ ասում, որ Արմանը ինձ մոտ կրպակում նստած էր, երբ ավելի ուշ կրպակ մտավ Սամվելը՝ արդեն վնասված, ու ասաց, թե ընկել է»,– պնդեց Նարինեն։
Փորձեցինք զրուցել նաև Սամվել Մեջլումյանի հետ, սակայն չկարողացանք հանդիպել նրան, իսկ տոնավաճառի աշխատակիցները նշեցին, որ կապ չունեն նրա հետ և չգիտեն, թե որտեղ կլինի։ Իսկ Սամվելի հետ հեռախոսով կապվելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան, նա չպատասխանեց մեր զանգերին։
Կատարվածի շուրջ փորձեցինք զրուցել նաև «Անահիտ» տոնավաճառի տնօրենի հետ, սակայն աշխատակիցներից մեկը նշեց, թե նա այժմ քաղաքում չէ։ Իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ տնօրենը չի ցանկանում մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով. «Իրանք գիտեն, իրենց վեճն է, ես չեմ խառնվում, թող գնան ու հարթեն»։
Զրուցեցինք նաև այս գործով քննիչ Սուրեն Նավոյանի հետ։ Վերջինս Նշեց, թե Ա. Երիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1 կետով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և նույն հոդվածի 4-րդ կետով (ավազակություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ): «Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ Ա. Երիցյանը գտնվում է հոգեբուժական փորձաքննությունների կենտրոնում, և ստացիոնար հոգեբուժական փորձաքննություն է նշանակված»,-ասաց նա»։