Մեծ Բրիտանիայի բանտերում շատ կանայք դիմում են ինքնավնասման
Միացյալ Թագավորության կանանց ուղղիչ հիմնարկներում հարյուրավոր կանայք զրկված են ազատությունից անիրավացիորեն: Ինչպես գրում է «The Guardian»-ը, նման եզրակացության են հանգել կալանավայրերում կանանց պահելու պայմանները ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխանության հարցը ուսումնասիրելու արդյունքում: Սա, ի դեպ, առաջին նման վերլուծությունն էր այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան երկու տարի առաջ ստորագրեց կին դատապարտյալների պահման պայմանների նոր չափորոշիչները` այսպես կոչված «Բանգկոկյան կանոններ»-ը (Bangkok Rules):
Համաձայն «Կանայք բանտերում» կազմակերպության հաշվետվության, Մեծ Բրիտանիան անտեսում է ազատազրկված կանանց երեխաների իրավունքները: Կազմակերպության ղեկավար Ռեյչել Հալֆորդը (Rachel Halford) հայտարարել է նաև. «Շատ կանայք կալանքի տակ են գտնվում առանց դրա խիստ անհրաժեշտության, և շատ կանայք բանտերում դիմում են ինքնավնասման»:
Հաշվետվության մեջ նշված է նաև, որ 2011թ.-ին 15 կանանց բանտերում արձանագրվել է 9 հազար ինքնավնասման դեպք: Ըստ «Կանայք բանտերում» կազմակերպության ղեկավարի, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարիների համեմատ նման դեպքերի թիվը նվազել է 3 հազարով, այդուհանդերձ վիճակագրությունն անմխիթար է:
Կալանավորված կանանց շրջանում հարցվածներից շատերը հայտնել են, որ ինքնասպանություն էին ծրագրել: Մի մասն էլ պատմել է, որ բանտի անձնակազմն երբեք չի միջամտում կալանավորների միջև ծագած կոնֆլիկտներին: