
«Ովքեր ուզում են նվաստացնել այս իշխանություններին, քվեարկում են հօգուտ Վարդան Սեդրակյանի»

«Ես հավատում եմ այդ հարցումներին, քանի որ հավատում եմ, որ ՀՀ քաղաքացիները Սերժ Սարգսյանին նվաստացնելու համար ձայնը տալիս են Վարդան Սեդրակյանին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ի մամուլի ասուլիսում նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը հրապարակեց երեք էլեկտրոնային լրատվամիջոցում անցկացրած քվեարկության արդյունքներ, համաձայն որի, նախագահի թեկնածուներից ամենաշատն ինքն է ձայն ստացել: Արման Մելիքյանը նշեց, որ լիովին հավատում է Վարդան Սեդրակյանի հրապարակած թվերին, քանի որ ընտրողները, ձայնը տալով Վարդան Սեդրակյանին, հոգեբանական խնդիր են լուծում:
«Օրինակ, ժամանակին ճապոնական խոշոր ֆիրմաներում բոլորի համար հասանելի վայրում տեղադրում էին ֆիրմայի ղեկավարի խրտվիլակը, և նրանից դժգոհ աշխատակիցները խրտվիլակին ծեծում էին: Վարդան Սեդրակյանն այդ առումով շատ կարևոր դեր է կատարում, որովհետև այն մարդիկ, ովքեր ուզում են նվաստացնել այս իշխանություններին, քվեարկում են հօգուտ Վարդան Սեդրակյանի: Սա հոգեբանական լուծում է»,- ասաց Արման Մելիքյանը: Հարցին, թե ինչո՞ւ է ընտրողը գերադասում հատկապես Վարդան Սեդրակյանի միջոցով լուծել այդ հոգեբանական խնդիրը, Արման Մելիքյանը պատասխանեց, որ հավանաբար նա ընկալվում է` իբրև ամենաանհեթեթ թեկնածու, թեև ինքն անձամբ չի կիսում այդ տեսակետը:
Ինչ վերաբերում է այդ հարցումներում իրեն վերագրվող հնարավոր ձայների թվին, ԼՂՀ նախկին արտգործնախարար նախագահի թեկնածուն ասաց, որ դրան ընդհանրապես ուշադրություն չի դարձնում: «Եթե մենք խոսում ենք մենաշնորհների մասին, որոնք կոռուպցիոն կառավարման համակարգի արդյունք են, ապա նմանատիպ ծառայություն է նաև սոցիոլոգիական ծառայությունը, որի ներկայացուցիչը պարբերաբար հանդես է գալիս տարատեսակ հիմար հայտարարություններով»,- նշեց Արման Մելիքյանը` նկատի ունենալով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանին և նրա կողմից պարբերաբար հրապարակված արդյունքները:
Ի տարբերություն սոցիոլոգի մասին կարծիքի` նախագահի մյուս թեկնածուների հարցում Արման Մելիքյանն ավելի մեղմ էր, թեև նրա խոսքում որոշակի քննադատություն մյուս թեկնածուների գործողությունների վերաբերյալ կար: Խոսելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նորաոճ քարոզարշավի մասին` Արման Մելիքյանն ասաց, որ առհասարակ իբրև ընտրող` ոչ մի թեկնածուի քարոզարշավն արդյունավետ չի համարում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում նշմարվում են արտերկրից ներմուծված տարրեր, որոնք Հայաստանում չեն աշխատում:
«Դա էլ հենց ցույց է տալիս, որ մարդիկ հակված չեն մտածելու, որ իրենք ընտրվելու են քաղաքացու քվեով: Որոշակի կանխորոշվածություն կա այս ամենում, որը պետք է կոտրել, որովհետև այդ ամենը ստի վրա է կառուցված»,- նշեց նախագահի թեկնածուն: Ինչ վերաբերում է հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ապա նրան Արման Մելիքյանը նախօրեին այցելել է: Դեռևս չգիտի` կրկին կայցելի՞, թե՞ ոչ: Արման Մելիքյանը հրաժարվեց պատասխանել նաև այն հարցին, թե ինչ են զրուցել նախագահի երկու թեկնածուներով: Նա միայն նշեց, որ հացադուլից դուրս գալու կոչ չի արել: «Ես ինձ թույլ չեմ տա հորդորել նրան` դուրս գալ հացադուլից, դա իր որոշումն է: Ես իմ զորակցությունն եմ հայտնել, որովհետև, անկախ ամեն ինչից, դա քաջ որոշում էր և, ի վերջո, անձնազոհության դրսևորում էր, որը կարելի է ողջունել, թեև ես չեմ կիսում այդ ճանապարհը, որովհետև չեմ գտնում, որ դա արդյունավետ է»,- հանդիպման մասին այսքանը պատմեց Արման Մելիքյանը:
«168 ԺԱՄ»