Անժելա Սարգսյանի գործը կհասնի Եվրադատարան

Անժելա Սարգսյանը և Կարեն Արայանը ծանոթացել են Կարեն Արայանի նկարների ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսի ժամանակ Անժելա Սարգսյանը մոտեցել է Կարենին եւ խնդրել, որ նա իր դիմանկարը նկարի: Այս մասին NEWS.am-թղթակցի հետ զրույցում պատմել է Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը: Նրա խոսքով՝ Կարեն Արայանի եւ Անժելա Սարգսյանի հանդիպումները տեւել  են շուրջ մեկ տարի: «Կարենը, ինչպես մյուսներից, նրանից եւս գումար չվերցրեց, որից հետո Անժելան Կարենին հրավիրեց թատրոն: Ասել էր մայրիկիդ հետ եկեք: Ես չէի էլ պատկերացնի, թե ինչի՞ համար էր կանչում: Մտածում էի, փորձում է այդ կերպ շնորհակալություն հայտնել: Ներկայացումից հետո, երբ գնում էինք սրճարան խնդրեց, որ ինքն էլ միանա: Սրճարանում հասկացա, որ ճիշտ է արտաքնապես լավիկն է, բայց  դատարկ է: Դեռ չէի պատկերացնում, թե ո՞ւր ենք հասնելու»,- մանրամասնել է Մարինա Արայանը:

Նրա փոխանցմամբ, շարունակական հանդիպումների ընթացքում Կարենի մոտ խղճահարություն առաջացնելու համար Անժելան ասել է, որ ինքը, որպես կին երջանիկ չէ եւ հասել այն աստիճանի, որ Կարենին ասել է, թե նրանից երեխա է ուզում: «Բայց Կարենը գիտեր, որ դա մեր տան մեջ անհնարին է: Ինքնասիրությունը եւ նամուսը մեր ընտանիքի հիմքն է: Ոնց կարող էինք թույլ տալ, որ մեկը մեզանից թոռ ունենա, թոռանը շոյեինք` չիմանալով, թե ինչ աղբամանից է դուրս եկել: Ինքը դատարանում էլ ասաց, որ Կարենից երեխա է ուզել: Մենք պետք է նույն մակարդակի մարդիկ լինեինք, որ խոսելու թեմաներ ունենայինք: Նա ո՞նց կարող էր իմ տանն շեմը անցներ: Դա կնշանակեր, որ մենք իրար շատ լավ հասկանում ենք: Այնինչ`մենք շատ հեռու ենք իր պատկերացրած կյանքից»,- ընդգծել է Մարինա Արայանը:

Իսկ, երբ Կարենը ասել է, որ իրենց հարաբերությունները վերջացած են, ըստ Մարինա Արայանի, Անժելան գնացել է այդ քայլին: «Դե հասկացանք ապրանք էր օգտագործվել  է, բայց մինչև երբ»,- նշել է Կարենի մայրը:

Մարինա Արայանը հավատացրել է, որ գնալու է մինչեւ Եվրադատարան և հասնելու է ճշմարտության բացահայտմանը: «Ես կհասցնեմ այս գործը Եվրադատարան: Թեկուզ ուշացած պետք է ասեն, որ Կարենը անմեղ է եւ շառ անողները պետք է պատժվեն»,- լրացրեց Կարենի մայրը:

Նշենք, որ ի պաշտպանություն Անժելա Սարգսյանի գործով ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի` մի խումբ երիտասարդների կողմից ստորագրահավաք է սկսվել: Հունվարի 29-ին ժամը 13-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի կունենա հանրահավաք՝ դիմումը Սերժ Սարգսյանին հանձնելու նպատակով:

Տեղեկացնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր Անժելա Սարգսյանի նախկին ընկեր` Կարեն Արայանը:

Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: Նոյեմբերի 20-ին, Կարեն Արայանը դատապարտվեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ նշանակվեց տուգանք աշխատավարձի 300-ապատիկի չափով:

NEWS.am

Տեսանյութեր

Լրահոս