Միլիոնների հափշտակություն՝ «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում

Առանձնապես խոշոր չափերով գումարը բանկային հաշվեհամարին չմուտքագրելու և այդ կերպ յուրացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով մեղադրվել և այժմ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Վանաձորի բնակիչ Արտակ Գինոսյանը:

Վերջինս 2008թ.-ից մինչև 2009թ. սեպտեմբերի 17-ն աշխատելով «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում, ընկերության տնօրենի բանավոր կարգադրությամբ նույն ընկերության բաժանորդների սպասարկման բաժնի պետ Հ. Շաքարյանի և վերջինիս ղեկավարած բաժնի աշխատակցուհի Գ. Հովհաննիսյանի միջոցով կազմակերպել է ջրաչափական սարքավորումների վաճառքի գործընթացը, հավաքագրել վաճառքից ստացված կանխիկ գումարները: Սակայն, ինչպես պարզվել է քննությամբ, Ա. Գինոսյանը հավաքագրած գումարների մի մասը` 8 578 702 դրամը բանկային հաշվեհամարին չի մուտքագրել և այդ կերպ յուրացրել է։

Նույն քրեական գործով, ՀՀ քր. օր.-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից բացի, նաև 214-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանվում է նաև Ա.Գինոսյանի համաքաղաքացի Մարգար Գևորգյանը: Ըստ մեղադրական եզրակացության, նա հանդիսանալով «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ առևտրային տնօրեն, Արտակ Գինոսյանի օգտին 2008թ. հունվար ամսից մինչև 2009թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության առևտրային գործունեության նկատմամբ վերահսկողություն չի իրականացրել: Նշվածի հետևանքով Ա. Գինոսյանը Հ. Շաքարյանի և Գ. Հովհաննիսյանի միջոցով կազմակերպել է ջրաչափական հանգույցների վաճառքի գործընթացը, հավաքագրել վաճառքից ստացված կանխիկ գումարները, սակայն հավաքագրած գումարների մի մասը՝ 8 578 702 դրամը բանկային հաշվեհամարին չի մուտքագրել և այդ կերպ յուրացրել է։

Բացի վերոնշյալից, ինչպես պարզվել է քննությամբ, Մ. Գևորգյանը 01.07.2011թ. աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի Վանաձորի թիվ 2015 փոստային բաժանմունքի պետի պաշտոնում, կենսաթոշակների և նպաստների վճարման համար հիշյալ բաժանմունքին հատկացված և կոմունալ ծառայությունների վարձավճարներ գանձված գումարներից 2011թ. նոյեմբերի 8-ից մինչև 2011թ. նոյեմբերի 24-ը հափշտակել է 6 420 021 ՀՀ դրամ։

Հիշյալ քր. գործի շրջանակում և քր. օր.-ի 214-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանվում է նաև Վանաձորի բնակչուհի Ռուզաննա Հակոբյանը: Քննությամբ պարզվել է, որ նա, հանդիսանալով «Հայփոստ» ՓԲԸ «Վանաձոր փոստային մասնաճյուղի» հաշվապահ, թիվ 2015 բաժանմունքում գոյացած տարբեր չափերի կանխիկ գումարներն աշխատանքային օրվա վերջում փոստ-փոխանակման ծառայությունների միջոցով թիվ 2015 բաժանմունքից մասնաճյուղ չի վերադարձրել, գումարները մնացել են բաժանմունքի պետ Մ. Գևորգյանի մոտ։ Վերջինս էլ, ըստ մեղադրական եզրակացության, յուրացման եղանակով հափշտակել է 3 322 149 դրամ։

Ռ. Հակոբյանի կողմից հաշվետվություններ ներկայացնելու իր պարտականությունները ոչ պատշաճ կերպով իրականացնելու հետևանքով առաջացած մոտ երեքուկես միլիոն դրամի պակասորդն ի հայտ է եկել 2011թ. նոյեմբերի 24-ին։

«Փաստինֆո»

 

Տեսանյութեր

Լրահոս