Պռոշյան փողոցում «ԲՄՎ X 5»-ը բախվել է 3 ավտոմեքենաների. կան վիրավորներ (լուսանկարներ)
Այսօր` հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում «ԲՄՎ X 5» մակնիշի 34 ՍV 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պռոշյան փողոցում բախվել է նշված փողոցում կայանված «Նիսան» մակնիշի 28 ՍՕ 268 համարանիշի մեկ այլ «Նիսան» մակնիշի 18 ՍՍ 072 համարանիշի ավտոմեքենաներին: Հարվածի արդյունքում «Նիսան»-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող «Օպել» մակնիշի 19 ՕԼ 458 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո «Նիսան»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «ԲՄՎ X 5»-ն էլ մայթին հայտնվելուց բացի փակել էր «Լոգիկոն» հաշվապահական կենտրոնի գլխավոր մուտքը: Իսկ տվյալ կազմակերպության աշխատակիցները ալպինիստական հնարքներով են մտնում աշխատավայր:
Դեպքի վայր են ժանանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Կարճ ժամանակում տեղում էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ հատուկ պահվող տարածք:
Այս պահին ոստիկանոթյունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հնարավոր է` կայանված ավտոմեքենաները չտեղափոխվեն տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի