
ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելությունն սկսում է իր աշխատանքը

ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսելու է իր աշխատանքը: Այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունը:
Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկա օրերին Հայաստան կժամանեն ԱՊՀ գործադիր կոմիտեի 25 երկարաժամկետ, իսկ քվեարկությունից մի քանի օր առաջ` մոտ 170 կարճաժամկետ դիտորդներ, որոնք անմիջապես կանցնեն իրենց գործառույթների կատարմանը Հանրապետության բոլոր մարզերում:
Ինչպես «Pastinfo.am»-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից, ներկայացնելով դիտորդական առաքելության նպատակներն ու աշխատանքի կազմակերպման սկզբունքները` Վ.Գարկունը վստահեցրել է, որ ընտրություններից հետո ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության կողմից կներկայացվի համապատասխան զեկույց` հիմնված բացառապես անաչառ և անկողմնակալ գնահատականների վրա: