Կրակոցներ` «7 կադր» սրճարանում. բոլորը բերման են ենթարկվել, ապա՝ ստորագրությամբ ազատ արձակվել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) եւ 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ` հունվարի 23-ին, Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի վրա գտնվող «7 կադր» բացoթյա սրճարանում տեղի ունեցած կրակոցների փաստով: Այդ օրը Ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված սրճարանում կրակոցներ են հնչում:
Շտապ սրճարան են ժամանում Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներով, կենտրոնական բաժնի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ, ովքեր սրճարանից Ոստիկանություն են բերման ենթարկում Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ, 36-ամյա Վաղինակ Ղազարյանին, 36-ամյա Մուշեղ Առաքելյանին, 26-ամյա Արմեն Հայրապետյանին, եւ Երեւան քաղաքի Աբովյան փոցողի բնակիչներ 38-ամյա Արմեն Ղազարյանին եւ 40-ամյա Արման Հովսեփյանին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Երիցյանին, Ռոստոմի փողոցի բնակիչ 26-ամյա Արթուր Մաթեւոսյանին, Սասունցի Դավիթ փողոցի բնակիչ 28-ամյա Միխայիլ Մարտիրոսյանին, Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա Արթուր Աբգարյանին, Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 37-ամյա Վահրամ Հակոբյանին, 36-ամյա Գարիկ Մկրտչյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունում Գ. Մկրտչյանի մոտ հայտնաբերվել է Մակարով տեսակի ատրճանակ` պարունակող լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտ, որից մեկը` փամփշտակալի մեջ: Իսկ Արթուր Աբգարյանի մոտից առգրավվել է գազային ատրճանակ` 4 փամփուշտով: Խուզարկությամբ սրճարանում հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ օրը Գ. Մկրտչյանը 2 ընկերների հետ իր ծնունդն է նշելուց եղել 7 կադր բացօթյա սրճարանում: Պատվիրել է խմորեղեն, խմիչք, եւ արդեն գինովցած` Մակարով տեսակի ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել, որից հետո մոտեցել է հարեւան սեղանին նստած իր ընկերներին, եւ մեկ անգամ էլ այնտեղ է կրակել: Սրճարանում ֆոտոլրագրողին պատմել են, որ երկրորդ կրակոցից հետո Գ. Մկրտչյանը բարձրաձայն գոռում էր թե «այսօր իմ ծնունդն է, տժժալու ենք բոլորս եւ սրճարանում գյումրվա տրնգի ենք պարելու»: Բայց լավ էր` կենտրոնի ոստիկաններն ու ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները կանխեցին Մկրտչյանի «հրազենային պարը»:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Գ. Մկրտչյանը ավագ քննիչ Հրաչ Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել է եւ այս պահին տեղափոխվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Նա քննչական բաժնում հայտարարել է, որ Մակարով տեսակի ատրճանակը գտել է Ծիծեռնակաբերդի հարակից անտառում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձիք ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ նրանց թվում եղած Վ. Ղազարյանը աշխատում է «Ավա եւ Ա» ՍՊԸ-ի տնօրեն (Բոլդիբիլդինգ մարզասրահ):