Գագիկ Ծառուկյանը քաղաքական իրադարձություններին և զարգացումներին կատարելապես է տիրապետում. Ծառուկյանի խոսնակ

Արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարդացե՞լ է ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների նախընտրական ծրագրերը: 168.am-ի այս հարցին ի պատասխան` ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ «այդ հարցն իր կոմպետենտության շրջանակներում չէ, և նույնիսկ չի կարծում, թե դա առհասարակ խոսնակի կոմպետենտության շրջանակներում է»:

Մեր հարցին` իսկ ո՞ւմ կոմպետենտության շրջանակներում է, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ես նույնիսկ չեմ կարծում, որ այդ հարցն ընդհանրապես կոռեկտ է տալ, ճիշտն ասած, դա իմ անձնական կարծիքն է: Եթե դուք գտնում եք, որ այդ հարցը հարկավոր է տալ, ուրեմն` կարող եք ուղղել իր խոսնակին, բայց ես վստահ եմ, որ ԲՀԿ առաջնորդն ուսումնասիրում է այն անհատների կամ քաղաքական ուժերի ծրագրերը, որոնք կարող են ինչ-որ նոր բան հաղորդել այսօրվա իրականությանը և եթե´ կարող են ինչ-որ բան հաղորդել այսօրվա իրականությանը: Եթե այդպիսի ծրագրեր ի հայտ գալիս են, ապա, վստահ եմ, որ ուսումնասիրվում են: Համենայնդեպս, քաղաքական ուժերի առումով, մեր բազմաթիվ խորհրդակցությունների փորձից ելնելով, պետք է ասեմ, որ ուսումնասիրվում են տարբեր քաղաքական ուժերի առաջարկներ: Կրկնում եմ, այն ծրագրերը, որոնք մոտ են իրատեսականությանը կամ առհասարակ ունակ են նոր խոսք բերելու և արժանի են ուշադրության: Ամեն գունավոր թուղթ` տպագիր տեքստով, ծրագիր կոչվելու իրավունք չունի»:

Տիգրան Ուրիխանյանն ավելացրեց, որ այս ամենը նշում է որպես հիմք` եզրակացության համար, բայց թե հիմա պարոն Ծառուկյանը կոնկրետ այս պահին ուսումնասիրե՞լ է տվյալ ընտրություններին գրանցված անհատ թեկնածուների ծրագրերը, թե՞ ոչ, դա ինֆորմացիա է, որին ինքը չի տիրապետում:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե, ըստ ԲՀԿ մամլո խոսնակի, առաջադրված թեկնածուներից ո՞ւմ ծրագիրն է ավելի մոտ «Բարգավաճ Հայաստանի» գաղափարներին, ինչին ի պատասխան Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ մինչ այս պահը չի ուսումնասիրել որևէ թեկնածուի ծրագիր:

Նույն հարցը` արդյոք Գագիկ Ծառուկյանն ուսումնասիրե՞լ է ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների նախընտրական ծրագրերը, մենք ուղղեցինք նաև Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին:

Ի տարբերություն Տիգրան Ուրիխանյանի` Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը հարցը չհամարեց «ոչ կոռեկտ» և պատասխանեց բավական լակոնիկ:

«Բոլոր կարևոր քաղաքական իրադարձություններին և զարգացումներին Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, սակայն չեմ կարծում, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը ծանոթ է բոլոր թեկնածուների ծրագրերին: Այս պահին դրա անհրաժեշտությունն առանձնապես չկա»,- ասաց Ի.Տոնոյանը:

Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը ոչ բոլոր թեկնածուների ծրագրերին է ծանոթ: Ի պատասխան Իվետա Տոնոյանն ասաց. «Նախ՝ սկսենք նրանից, որ թեկնածուներից ոմանք անգամ իրենց ծրագրերի մասին չեն էլ բարձրաձայնել`մտավախություն ունենալով, որ հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրներ կառաջանան, սակայն Գագիկ Ծառուկյանը քաղաքական իրադարձություններին և զարգացումներին կատարելապես է տիրապետում»:

Տեսանյութեր

Լրահոս