Սերժ Սարգսյանն այցելել է Պարույր Սևակի տուն-թանգարան

Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանրապետության մարզերում շարունակում է նախընտրական հանդիպումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը»` ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպել է Ջերմուկի, Վայքի, Մալիշկայի, Եղեգնաձորի ընտրողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրել իր նախընտրական ծրագիրը և խոսել հատկապես Վայոց ձորի մարզի համար հեռանկարային ոլորտների՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության մասին:

Մարզի Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև մարզային ու քաղաքային իշխանությունների և առողջարանների, հյուրանոցների, սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկել Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային խնդիրները: Վայքի տուրիզմի կենտրոնում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ագրոտուրիզմի, գյուղատնտեսության, մասնավորապես՝ այգեգործության, խաղողագործության խնդիրներն է քննարկել գինեգործների, ֆերմերների և Վայքի տարածաշրջանի սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Վայոց ձորի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատուն և մեծանուն գրողի ծննդյան օրվա կապակցությամբ ծաղիկներ դրել նրա շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել բանաստեղծի հիշատակին, այցելել տուն-թանգարան:

Տեսանյութեր

Լրահոս