Վճռաբեկ դատարանը 20 օր ժամանակ է տրամադրել թերությունները շտկելու համար

ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է  Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների բողոքը և 20  օր ժամանակ  տրամադրել  թերությունները շտկելուց հետո բողոքը նորից դատարան ներկայացնելու համար: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքից պարզ չէ, թե  դիմումատուները ինչ են միջնորդում՝ մեղմացնել նշանակված պատիժը, թե արդարացնել: «Վճռաբեկ բողոքում  ներկայացված են կարծիքներ  նշանակված պատժի խստության մասին և միաժամանակ խոսվում  է  ՀԱԿ ակտիվիստների  անմեղության մասին»,- ասել է Ա.Բաբայանը:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012թ. նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս