Վահագն Չախալյանն ազատ է արձակվել

Այսօր` ժամը 17:30-ի սահմաններում, Վրաստանի Ռուսթավիի թիվ 1 բանտից ազատ է արձակվել ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը: Այս մասին «ՍիվիլՆեթին» ասել է «Ջավախք հայրենակցական միության» նախագահ Շիրակ Թորոսյանը:

Չախալյանն ազատ է արձակվել «Համաներման մասին» օրենքով, որը Վրաստանի խորհրդարանը հաստատել էր դեկտեմբերի 21-ին, սակայն դեկտեմբերի 27-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո էր դրել օրենքի մի մասի վրա, որն առնչվում է քաղբանտարկյալներին և անչափահասների նկատմամբ հանցագործություն իրականացրած անձանց։

Դեկտեմբերի 28-ին օրենսդրական մարմինը հաղթահարել էր նախագահական վետոն, ինչից հետո այն կրկին ուղարկվել է նախագահի ստորագրմանը։

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանն անազատության մեջ է 2008թ. հուլիսի 21-ից, և արդեն կրել է պատժի մեկ չորրորդից ավելին: Նա Վրաստանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քր. օր. 236-րդ հոդվածի առաջին մասով` զենք-զինամթերքի ձեռքբերման և պահպանման, 226-րդ հոդվածով` հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` խուլիգանություն` կատարված իշխանության ներկայացուցչի դեմ: Նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման:

Civilnet.am

Տեսանյութեր

Լրահոս