Վտանգված են մեր երեխաների առողջությունն ու կյանքը
«Չսերտիֆիկացված ապրանքները կարող են լինել նույնիսկ ճակատագրական» վերնագրով «Փաստինֆոյի» հրապարակմամբ 2012թ. դեկտեմբերի 22-ին անդրադարձել էինք նաև Հայաստանում սերտիֆիկացման ենթակա ապրանքներն առանց այդ պարտադիր փաստաթղթի լայնորեն վաճառելու խնդրին: Սպառողները, չնչին բացառությամբ, դրանց սերտիֆիկատները չեն պահանջում, մինչդեռ շատ իզուր…
Չսերտիֆիկացված ապրանքը` լինի այն պարենային, թե ոչ պարենային, կարող է լինել նաև անորակ ու նույնիսկ կեղծ, իսկ որոշ դեպքերում այդպիսի ապրանքը կարող է մինչև իսկ ճակատագրական նշանակություն ունենալ: Օրինակ` ծանր մետաղ (կապար) պարունակող թունավոր ներկով ներկված մանկական խաղալիքը, ավտոմեքենայի կեղծ, անորակ արգելակման հեղուկը, ավտոդողը և այլն:
Երեխա ունեցող երևի բոլոր ընտանիքներում էլ Նոր տարվան խմում են երեխաների կենացը, ասում ենք նրանք մեր ապագան են և այլն: Ցավոք, առևտրով զբաղվող որոշների համար դա ընդամենը դատարկ կամ ձևական խոսք է: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական գործառույթներ, իրավասություններ ունեցող համապատասխան կառույցն անցյալ տարի շուկայում պետական վերահսկողություն իրականացնելով, թեկուզ և ոչ լիարժեք, մասնակի ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել:
Մասնավորապես պարզվել է, որ Երևանում գտնվող, խաղալիքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Գ.Է.Վ. մեկ», «ԱՐՄԱՋԱ», «Ադել», «Ազիա Սնաբ» ՍՊԸ-ներն ապրանքներն իրացրել են առանց համապատասխանության սերտիֆիկատի:
Արձանագրվել է նաև, որ դարձյալ մայրաքաղաքում գտնվող, մանկական խաղալիքների, պլաստմասայե խոհանոցային իրերի, լվացող, մաքրող և կոսմետիկական միջոցների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Ալինա և Աննա», խաղալիքների, գեղահարդարման, հիգիենայի, լվացող, մաքրող միջոցների իրացմամբ զբաղվող «Կորոնա Սոլարե» ՍՊԸ-ները մի շարք ապրանքատեսակներ իրացնում են առանց համապատասխանության սերտիֆիկատի և առանց հայերեն լեզվով մակնշման:
Մեկ այլ ընկերություն` Երևանի Սայաթ Նովա-35 հասցեում գտնվող, խաղալիքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Տուն Տունիկ»-ը, որոշ ապրանքատեսակներ իրացնելիս է եղել առանց հայերեն լեզվով տեղեկատվության, բացի այդ, դրանք չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգի հիգիենիկ նորմերի և մեխանիկաֆիզիկական պահանջներին:
Առանց համապատասխանության սերտիֆիկատի, անվադողեր են իրացրել «Վիժն Ստուդիո», «Ար-Բե» Հայ-Բելառուսական առևտրի տուն» ՍՊԸ-ները: Պետական վերահսկողության արդյունքում բացահայտվել են նաև առանց համապատասխանության սերտիֆիկատի, արգելակային հեղուկների իրացման բազմաթիվ դեպքեր, մինչդեռ եթե դրանք կեղծված կամ անորակ լինեն, ինչը բացառված չէ, դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճակատագրական նշանակություն կարող են ունենալ վարորդի կամ նրա ավտոմեքենայի դիմացով անցնող հետիոտնի համար: Մասնավորապես պարզվել է, որ Երևանի Տիգրանյան-5 հասցեում գտնվող, տրանսմիսիոն և արդյունաբերական յուղերի, հակասառիչների, արգելակային հեղուկների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Ալեքս-Պրոֆիտ» ՍՊԸ-ն առանց համապատասխանության սերտիֆիկատի և հայերեն լեզվով մակնշման է իրացնում հիշյալ ապրանքները:
Հիդրավլիկ արգելակային հեղուկները և հակասառիչներն առանց համապատասխանության սերտիֆիկատի է իրացրել նաև «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն: Հիդրավլիկ արգելակային հեղուկների և հակասառիչների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Հույս-Մոտոր», նշված հեղուկների, ավտոդողերի և հակասառիչների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Նակօյլ», արգելակային հեղուկների, հակասառիչների, շարժիչի յուղերի, լվացող, մաքրող միջոցների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող«Նորդ-Իմպորտ» ՍՊԸ-ները նույնպես որոշ ապրանքատեսակներ իրացնելիս են եղել առանց համապատասխանության սերտիֆիկատի:
Վերոնշյալ բոլոր ընկերությունների նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք 100-300 հազար դրամի չափով, իսկ «Տուն Տունիկ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 600 000 դրամ վարչական տուգանք:
Արթուր Հովհաննիսյան
«Փաստինֆո»