Երկրորդ փուլ չի լինի, որովհետև թեկնածուներն այդ աստիճանի ռեսուրս չունեն

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը  կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով և կրկին նախագահ կընտրվի Սերժ Սարգսյանը:

«Չեմ կարծում եմ, որ երկրորդ փուլ կլինի, որովհետև թեկնածուներն այդ աստիճանի ռեսուրս չունեն: Ընտրությունները, կարծում եմ, կավարտվեն մեկ փուլով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, թե իրենք նախատեսում են առաջիկայում հանդես գալ կոչով, թե որ թեկնածուի օգտին պետք է քվեարկեն իրենց կուսակիցները:

168.am-ի այն հարցին, թե ի՞նչ իմաստ ունի այդ կոչը, եթե ընտրությունները, ինչպես նկատեց Վ. Սաֆարյանը՝ կանխորոշված են, նա պատասխանեց, որ դիրքորոշում արտահայտելը ցանկացած կուսակցության ապագայի համար կարևոր է:

«Եթե նույնիսկ գիտես՝ ով է ընտրվում, բայց մեկ ուրիշի ես պաշտպանում, սա քո քաղաքացիական դիրքորոշման արտահայտությունն է և ժողովրդի առջև ապագա ընտրություններում ռեսուրսը չկորցնելու և հետագայում կենսունակությունը պահպանելու համար է»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

Խոսելով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների առանձնահատկությունների մասին՝ Վազգեն Սաֆարյանը հայտարարեց, որ այս անգամ  գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լավ հնարավորությունն ունի չօգտվել քրեաօլիգարխիկ տարրերի արջի  ծառայություններից, որոնք հետագայում որոշակի կաշկանդվածություն են ստեղծում իշխանությունների համար:

Ըստ նրա՝ դա կարող է լավ նախադեպ հանդիսանալ հետագա ընտրությունների համար: «Այս ընտրությունները շրջադարձային կկոչեի այն իմաստով, որ ստվերոտ երևույթներից կձերբազատվենք: Ուզում եմ հավատալ, որ ժողովուրդն այս անգամ կգնա և կընտրի իր խղճի մտոք»,- նշեց բանախոսը:

Վազգեն Սաֆարյանը նշեց նաև, որ առաջիկա ընտրություններն աննախադեպ են լինելու նաև այն իմաստով, որ միասնական ընդդիմադիր թեկնածու չկա: Նա կարծում է, որ հաջորդ նախագահական ընտրություններն ավելի բուռն պայքարում կանցնեն: Նա ցավով նկատեց, որ Հայաստանում նախագահական ընտրությունները երբեք էլ գաղափարական չեն եղել, մեզանում դրանք միշտ անձնավորված բնույթ են ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս