Արջը գալու է իշխանությունների դուռը և ասի` «էն հարցն ի՞նչ եղավ». Հ.Հովհաննիսյան
Այսօր մամլո ասուլիսում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե իշխանությունները չէին ուզում, որ ինքն ընդդիմադիր Միասնական շտաբի թիմով և ընդհանրապես մտնի Ազգային ժողով, բայց երբ ինքը հրաժարվեց մանդատից, ըստ նրա, քրեական գործը, որն այժմ հարուցվել է իր դեմ, նաև այն պատճառով է, քանի որ կա իներցիայի ուժ:
«Երկրորդը` Հմայակ Հովհաննիսյանը տեսնում է այն, ինչ ոչ ոք չի տեսնում, հասկանո՞ւմ եք,- ասաց նա,- Օրինակ` ես հիմա ձեզ բաներ կասեմ, որոնք դուք ոչ ոքից չեք լսի»:
Այս նոտայի վրա քաղաքագետն անցում կատարեց փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին` նշելով, որ այսօր գործող նախագահի դեմ առաջադրված բոլոր թեկնածուներն անխտիր, բացի մեկից, հայտնի թեկնածուներ էին, «այսինքն եթե ոչ իշխանությունների կողմից ուղղակիորեն իրենց առաջադրումը նախապատրաստվել էր, ապա գոնե նրանք հաստատ գիտեին, որ այդ մարդիկ առաջադրվելու են»:
«Օրինակ` Արամ Հարությունյանը, հայտնի էր, որ նա կառաջադրվի և միանգամայն կանխատեսելի էր: Արման Մելիքյանը պետք է առաջադրվեր, որովհետև պետք է լիներ մեկը, ով կքննադատի Ռուսաստանին այն բանի համար, որ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը և նաև կոչ կանի, որ Հայաստանը ճանաչի:
Հայտնի էր Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը, հայտնի էր Պարույր Հայրիկյանի առաջադրումը, որովհետև, իհարկե, իշխանություններն իրենք են նախաձեռնել և նպաստել Պարույր Հայրիկյանի առաջադրմանը»,- ասաց Հ.Հովհաննիսյանը:
Սակայն, ըստ քաղաքագետի, նույնիսկ ամենակոշտ բռնապետությունների պայմաններում լինում են անակնկալներ, և միակ թեկնածուն, ով անակնկալ էր, Անդրեաս Ղուկասյանն է:
«Որքան էլ սցենարը նախօրոք նախագծես, որքան էլ նախապատրաստես, անպայման ինչ-որ մի հարցում շեղում լինելու է, և այդ միակ շեղումը Անդրեաս Ղուկասյանն էր` Հայաստանի քաղաքագետների միության անդամ: Էս էլ են մեր գլխին ջարդում»,- ասաց Հ.Հովհաննիսյանը:
Վերջինս այս համատեքստում մատնանշեց, որ երեկ «Կենտրոն» հեռուստաալիքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Բաղդասար Մհերյանը «հարձակում կատարեց» Անդրեաս Ղուկասյանի դեմ և փորձ արեց ծաղրել նրան, ով այսօր հացադուլի մեջ է:
Կատարելով ավելի լայն վերլուծություն` Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Այս ամբողջը խաղ է` աշխարհաքաղաքական նպատակներով: Այսօր կա լուրջ խնդիր, որը դրված է Հայաստանի առջև: Հրանտ Բագրատյանը վերջերս «Առաջին լրատվականին» հարցազրույց էր տվել և ասել էր, որ «իշխանությունները դողդողում են», որովհետև անմիջապես ընտրություններից հետո, պատկերավոր ասած, արջը գալու է իրենց դուռը և՝ թա’կ, թա’կ, թակի իրենց դուռը և ասի` «էն հարցն ի՞նչ եղավ»»:
168.am-ի հարցին՝ ո՞ր հարցը, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց.
«Մաքսային միության»:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի` այս ընտրարշավի պատկերը`«ռեժիսուրան» և այդ հարցի պատասխանը փոխկապակցված են իրար հետ:
«Ես այն ժամանակ ասացի, որ ամենավտանգավորն այն է, երբ քաղաքական ուժը հուսախաբ է անում իր աշխարհաքաղաքական գործընկերոջը` որոշակի աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների հարցում, իհարկե առաձնահատուկ վտանգավոր է այն, երբ հուսախաբ է լինում ժողովուրդը, բայց այս պայմաններում, երբ ժողովրդին ուղարկել են թոշակի, ամենակարևոր հարցն այն է, որ, իհարկե, ընտրությունների նախօրյակին կատարեց քաղաքական «կուլբիտ» և հրաժարվեց այն ուղեգծից, որը որդեգրել էր խորհրդարանական ընտրություններից առաջ (հիշում եք՝ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցները ռուսաստանյան մամուլին), և դրան հետևեց այն, որ ԲՀԿ-ն ընդհանրապես հրաժարվեց մասնակցել ընտրություններին, դրան էլ հետևեց այն, որ այսօր, ըստ էության, բոլոր թեկնածուները, միանշանակորեն պաշտպանում են եվրոինտեգրման արևմտամետ ուղղությունը, և չկա մեկը, որը հանդես գա ի նպաստ եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին Հայաստանի մասնակցության, ապա պատկերը հասկանալի է դառնում»,- ասաց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Իսկ այս իրավիճակում, ըստ նրա, Սերժ Սարգսյանի ցանկացած փոքրիկ քայլ` Ռուսաստանին ընդհառաջ, կարող է դիտվել որպես փրկօղակ: